Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչն էր խնդիրը, որ որոշումներ չէին կայացվում, և ովքե՞ր չէին մասնակցում կամ քվեարկում:
«ՍԴ նիստերին պարոն Թովմասյանը մասնակցություն ունեցել է, ես ևս մասնակցություն ունեցել եմ, բայց ես քվեարկություններին չեմ մասնակցել, և հիմնականում դա պայմանավորված է եղել սահմանադրաիրավական փոփոխությունների բովանդակության հետ կապված հարցերով, խնդիրներով, առաջարկությամբ՝ այդ խնդիրները քննարկման առարկա դարձնել մեկ անգամ: Այնտեղ կային հարցեր, որոնք ոչ միայն սահմանադրական դատարանի գործունեության հետ են կապվում, այլ նաև Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների իրավունքների հետ կապված»,- ասաց Պետրոսյանը:
ՍԴ դատավորը նշեց, որ նրանց ներկայացրած դիմումների ժամկետները սպառված են, իսկ Սահմանադրական դատարանի մասին օրենքը թույլ չի տալիս ՍԴ-ին այդ ժամկետները իր հայեցողությամբ երկարացնել կամ այլ ժամկետներ սահմանել:
«Ամենակարևոր հարցս ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պատասխանատուի՝ Աշոտ Խաչատրյանի գործողությունները, իրավաչափությունը ես չեմ ընդունել, քանի որ նա պարտավոր էր հունիսի 26-ից ստանձնել իր պարտականությունների կատարումը, ինչը չի իրականացրել գրեթե մեկ ամիս շարունակ, որի պատճառով էլ խնդիրների մեծ մասը՝ մասնավորապես պայմանավորված Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների իրավունքների արգելափակման մասով, առկա է եղել»,- ասաց Պետրոսյանը: