BBC-ի ռուսական ծառայության կայքն անդրադարձել է Ադրբեջանում սկսված պահեստազորի համատարած հավաքներին: Կայքը տեղեկացրել է նաև, որ մարդկանցից առգրավում են կիսաբեռնատարները՝ պիկապները:
Լրատվամիջոցը զրուցել է հավաքին մասնակցող ադրբեջանցիներից մեկի հետ: Նա աղբյուրին տեղեկացրել է, որ զինկոմիսարիատից իրեն կանչել են ներկայանալու, սակայն տարել հավաքի:
Ազրբեջանի՝ Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը հերթական հավաքն է, որի ընթացքում պահեստազորի զինվորականները զարգացնում են զինվորական հմտությունները:
BBC-ն նաև անդրադարձել է օրերս սկսված՝ պիկապ մեքենաների համատարած հավաքմանը: Հարևան երկրի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ պիկապները հավաքում են «մեքենաների ախտորոշման նպատակով, որպեսզի դրանք ժամանակին, որակով և ամբողջական կերպով կարողանան ապահովել զինված ուժերի թիկունքը»:
Տեղի ունեցող իրադարձությունները ադրբեջանցի փորձագետները խուսափել են մեկնաբանել: Բրիտանացի փորձագետ Լորենս Բրոերսը BBC-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն ու Հայաստանը շահագրգռված չեն լայնամասշտաբ պատերազմի վերսկսմամբ: «Հուլիսին և 2016 թ. ապրիլին մենք տեսանք, որ տեղանքն ու լանդշաֆտը թույլ չեն տալիս լայնամասշտաբ զինված գործողություններ սկսել: Ավելի հավանական է փոքրածավալ էսկալացիան»,- ասել է փորձագետը: