«Ինչը, որ անում ես հանուն ազգի, հանուն ժողովրդի, հանուն պետության, դա իմ համար հպարտություն ա, այսօր դա քաղաքական հետապնդում ա Ծառուկյանի վրա: Հունիսի 5-ից հետո, որ ես խոսում եմ խնդիրը, պրոբլեմը, դրա լուծումը և այսօր կարող եմ արձանագրել, որ այսօր Հայաստան անկախ պետությունում ընտրակաշառքով 7 դեպք ա եղել, որից 7-ին ամենամեծ հիմնական որոշում եղել ա ստորագրություն հանձնելը:
Բայց էսօր Ծառուկյանին՝ երկրորդ ամենամեծ քաղաքական ուժին, ուզում են ձերբակալեն, որ ես քննությանը չխոչընդոտեմ: Երեք ամիս դուրսն եմ, 100 հատ քննիչ ա կցած, մոտ քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա»,- հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ինչ որ կլինի, Աստծո ցավը տանեմ, Աստծո կամոք»,- իր խոսքն ամփոփել է նա:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդության քննությունը:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ գործում առկա է հիմնավոր կասկածը: Դատախազությունը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը հուլիսի 8-ին մասնակի բավարարվել էր, և կալանավորելու հարցը ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։