«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են հրավիրվել:
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ համավարակն ամբողջ աշխարհում որոշակի ձևափոխումներ է արել, և բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից, ֆինանսական խնդիրների առջև կանգնել:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն իրավիճակը շտկելու առաջարկներ ունի, որից մեկն էլ համաներման համակարգի ներդրումն է: Աբովյանն ընդգծեց, որ եթե օբյեկտիվ պատճառներով սահմանափակվել է քաղաքացիների աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունը, ապա պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, որոնք կառնչվեն վարկային պարտավորություններին:
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր ելույթում շեշտեց, որ կարևոր է, որ այսօրվա քննարկումը կառուցվի փաստերի և դրանց վերլուծության հիման վրա արված եզրակացությունների և ոչ թե զգացմունքային և միակողմանի ենթադրությունների վրա:
«Խնդրահարույց վարկերի, դրանց նկատմամբ տույժերի ու տուգանքների հարցերը քննարկելիս պետք է նաև հաշվի առնել, որ բանկերի ու ֆինանսական այլ շահառուների, այդ թվում՝ ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թիվը: Ինչպես ամբողջ աշխարհում, մենք էլ այն չափում ենք խնդրահարույց կամ չաշխատող վարկերի մեծությամբ, որը պատմականորեն տատանվում է բանկային համակարգի կողմից տրված ամբողջ վարկերի 5-7 տոկոսի շրջանակում: Համավարակից հետո ավելացել է ընդամենը մեկ տոկոսային կետով, և այս պահին գտնվում է 7 տոկոսի շրջանակում: Նշանակում է, որ վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում է իրենց պարտավորությունները և դա վերցրել է որոշակի նպատակից ելնելով՝ էապես բարելավել իրենց բարեկեցությունը»,- ասաց Երիցյանը:
Նա նշեց, որ մասսայական վարկային արձակուրդի դեպքում պետք է կողմնորոշվել, որովհետև էական տարբերություն կա արձակուրդի և համաներման միջև, որը, նրա խոսքով, հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների:
«Բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության՝ վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են։ Մեր սեփական փորձը նույնպես վկայում է հենց դրա մասին, երբ ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների 50 տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում, այսինքն՝ այդ մարդիկ ունեն ոչ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Ստացվում է այնպես, որ պարտաճանաչ վճարողները չեն խրախուսվում: Իսկ ընտրովի մոտեցման դեպքում գործնականում անհնար է որոշել, թե ում պետք է արձակուրդ տրամադրվի՝ առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը, չհաշված բոլոր ադմինիստրատիվ ծախսերը, ինչը կարող է տանելի չլինել»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Երիցյանը նշեց, որ բանկերը հանդիսանում են ընդամենը միջնորդներ, ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները։
«Բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը, և մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ հօգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների: Հակառակ դեպքում՝ երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնեն բանկերի մեծ մասի սնանկացմանը, ինչը նշանակում է, որ ավանդատուները, անկախ իրենց կամքից, կորուստներ են կրելու»,- ասաց Երիցյանը:
Նա նշեց, որ ցանկացած վարկ սպասարկող քաղաքացի, ով վարկային պարտավորություն է ստանձնել առանց իր բյուջեն գնահատելու, ընթացիկ ծախսերը կրճատելու կամ ապագա եկամուտները ավելացնելու հեռանկարի, պնդելու է, որ վարկը բեռ է, և ինքը ճկում է դրա տակ: Սակայն այդ նույն քաղաքացուն եթե հարցնեին վարկ ստանալու պահին, ապա, Երիցյանի խոսքով, բոլորը կասեին, որ վարկը բարօրություն է, քանի որ թույլ է տալիս լուծել իրենց այդ պահի խնդիրը:
«Մենք միաժամանակ չպետք է մոռանանք հարցնել այն վարկառուներին, ովքեր լավ պատմություն ունենալով, արդեն իսկ օգտվում են վարկային քարտերի օգտագործման դեպքում մինչև 50 օր արտոնյալ 0 տոկոսով վարկային գծերից, կարողանում են ժամանակավոր լուծել իրենց եկամուտների անկման կամ հետաձգման հարցերը, հիփոթեքային վարկավորման միջոցով կարողանում են լուծել իրենց բնակարանի հարցերը, կամ ՓՄՁ-ները՝ իրենց բիզնեսի աճի հարցերը: Եվ, ինչպես նշեցի ու կրկնեմ, որ այդպիսի վարկառուների քանակը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդրահարույց վարկառուների քանակը»,- ասաց Երիցյանը:
ԿԲ նախագահի տեղակալն ասաց, որ պայմանագրի ազատության դրույթը գործում է բոլոր կողմերի համար, իհարկե, սպառողների շահերի պաշտպանության՝ իրենց կողմից սահմանված խստագույն պահանջները հաշվի առնելով:
«Եթե այդ պահանջները կատարված են, ապա Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային բանկն ինքնուրույն բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Զուգահեռ անցկացնելով այլ ձեռնարկատիրական գործունեության հետ՝ կարելի է ասել, որ նույն կերպ կարող ենք պահանջել, որ մթերային խանութները ճգնաժամի պայմաններում իրենց հաճախորդներին սպասարկեն պարտքով կամ կոմունալ ծառայություններ տրամադրող կազմակերպությունները սպասարկեն անվճար: Թվեր հնչեցին, մի քանի երկրների փորձը բերվեց. ՀՀ-ում վարկառուների աջակցության ծրագրերը՝ COVID-19-ի համավարակի դեպքից ի վեր, նույնպես տպավորիչ են: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 մլն հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.5 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17 հազար իրավաբանական անձինք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգրկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորումներից է, քանի որ վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական կազմակերպությունները: Ընդ որում,` սա բիզնեսի սոցիալական պատասխանատվության բացառիկ դեպքերից է, երբ բիզնեսը աջակցել է հասարակությանը՝ առանց պետության կողմից լրացուցիչ օժանդակություն ստանալու»,- ասաց Երիցյանը:
Նա ընդգծեց, որ երբ տեսնում են պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող երկար տևել: Հավաստիացրեց, որ կան լուրջ վերլուծական կարողություններ, որ եթե Կենտրոնական բանկի խորհուրդը, լինելով անաչառ պրոֆեսիոնալների խումբ, որոնցից երեքին արդեն իսկ նշանակել է Ազգային ժողովը, գնահատեր, որ որևէ կերպ խաթարվել է այդ հավասարակշռությունը, երբեք չի վարանի միջամտել՝ քաղաքացիների շահը պաշտպանելու համար:
«Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքների սահմանափակումներին և քննարկվող մարդկանց վարկային բեռի խնդրին, այստեղ կարևոր է հասկանալ, թե ի՛նչ կարող ենք անել, և ինչի՛ց պետք է զերծ մնալ: Մասնավորապես՝ պետք է տարանջատենք բանկերի կողմից տրված վարկերը վարկային որոշ կազմակերպությունների կողմից տրամադրվող բարձր տոկոսադրույքով վարկերից, որոնց տեսակարար կշիռը շատ փոքր է ընդհանուր վարկավորման մեջ. թվերը հնչեցին: Վերջիններս վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամտի կայուն ու վստահելի աղբյուր և չեն կարող համարվել լոմբարդային վարկեր, որովհետև լոմբարդային վարկը հենց գրավով վարկն է: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում»,- ասաց նա:
Անդրադառնալով տոկոսադրույքի սահմանափակումներին՝ Երիցյանը նշեց, որ այն խեղաթյուրում է շուկան և կարող է հանգեցնել հետևյալ երկու տարբերակներից միայն մեկի: «Առաջին՝ որ ֆինանսական հաստատությունները կդադարեցնեն վարկավորումը՝ կլինեն խուսափողական, քանի որ վարկի տոկոսադրույքն այլևս համարժեք չի լինի վարկային ռիսկին, այսինքն՝ չի ծածկի կորուստները, այդ վարկի գինը: Սա նշանակում է, որ հազարավոր մարդիկ այլևս չեն կարողանա անհրաժեշտության դեպքում ստանալ վարկային միջոցներ: Եվ երկրորդ՝ որ ֆինանսական կազմակերպությունները կսկսեն թերագնահատել ռիսկը՝ կարծելով, որ այն ցածր է, և մտնեն ավելի ռիսկային դաշտ՝ բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ: Այս երկու դեպքում էլ վարկավորման աճի կտրուկ նվազում կարող ենք տեսնել: Կան նաև հետազոտություններ, որ տոկոսադրույքի սահմանափակումը ավելացնում է մարդկանց վարկային բեռը, քանի որ մարդիկ ցածր տոկոսադրույքի պարագայում էլ ավելի շատ են վարկ վերցնում: Այնպես որ, կարծում ենք՝ նման վարչական սահմանափակումները կարող են միայն խեղաթյուրումներ առաջացնել»,- ասաց նա:
Երիցյանն ընդգծեց, որ փոխարենն իրենք առաջարկում են պատասխանատու վարկավորման հայեցակարգը, որի հարցով տևական քննարկումներ են ունեցել Ազգային ժողովում՝ տարբեր շահառուների մասնակցությամբ: Արդյունքում արվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն մյուս տարվա սկզբին և կխստացնեն վարկերի տրամադրումը այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար վարկային պատմություն և եկամտի աղբյուր՝ վարկերը սպասարկելու համար: