Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը կշարունակվի վաղը, միակ թեկնածուն ինքնաառաջադրված Երվանդ Խունդկարյանն է: Հրայր Թովմասյանն առաջադրել էր նաև նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել:
Երկու օրվա բուռն քննարկումից հետո դատավորներն այսօր որոշեցին նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ պատճառաբանելով, թե լրագրողների ներկայությունը նրանց հնարավոր է կաշկանդի: Խունդկարյանի հետ զրուցել չհաջողվեց:
Բարձր դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, որը նախկին իշխանության օրոք շատերի գնահատմամբ ՍԴ գործուղվեց քաղաքական որոշման արդյունքում, այսօր դատարանի բակում հայտարարեց՝ հենց պարզ է դարձել, որ Խունդկարյանը միակ թեկնածուն է, ինքը լքել է նիստերի դահլիճը, ընտրությանն էլ չի մասնակցի, կասկածներ ունի, որ առաջադրման հետ կապված կա արտաքին միջամտություն:
Ըստ մամուլի՝ Երվանդ Խունդկարյանը ՍԴ է գործուղվել նախագահ դառնալու պայմանով, ինքը` Խունդկարյանը, պարբերաբար հերքել է այդ լուրերը՝ պնդելով, որ նման պայմանավորվածություն չէր կարող լինել: Դատավորներից Արթուր Վաղարշյանը վստահ չէ՝ իշխանության հետ Խունդկարյանը պայմանավորվածություն ունի՞, թե՞ ոչ. անձամբ իր հետ ոչ ոք ոչինչ չի պայմանավորվել:
Երվանդ Խունդկարյանն ունեցել է ծրագրային ելույթ, պատասխանել հարցերին: