Երեկ տեսչական մարմինները ստուգայցերը վերսկսեցին՝ արդեն կարանտինային պայմաններում: Այսօր՝ ՍԱՏՄ-ի երևանյան թիրախը Դավթաշեն վարչական շրջանն է: Ստուգման կարգը չի փոխվել՝ գրանցամատյաններ, ախտահանիչ լուծույթներ, դիմակի պատշաճ կրում, տարածքի ախտահանում: Ակտիվ կյանքը ռեստորաններում դեռ չի վերականգնվել՝ ասում է մենեջերը:
Խախտումներ տեսուչները չեն արձանագրում: Սննդի կետերում ուշադրության կենտրոնում խոհանոցն է, սանհանգույցը և սեղանների հեռավորությունը՝ 1.5 մետր նորմը պետք է պահպանվի: Կարանտինի հաստատումից հետո փոփոխվել է պատժի տեսակը: Եթե նախկինում պարետի որոշմամբ տնտեսվարողի գործունեությունը կասեցվում էր մեկ կամ մի քանի օրով, ապա այժմ պատիժը կիրառում է հենց տեսչական մարմինը՝ վարչական պատասխանատվության տեսքով: Տուգանքը կարող է 100-ից մինչև 500 հազար դրամի հասնել:
Վան Աղաջանյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Տնտեսվարողը, որը որ կխախտի, պահանջների կատարման հետ թերացումներ կլինեն, կենթարկվի վարչական վարույթի: Առաջին դեպքում կլինի նախազգուշացում կամ վարչական տուգանք 100-300 հազար դրամի չափով, երկրորդ պարագայում՝ 100-500 հազար դրամի չափով:
Մարտից ամեն ամիս խախտումների թիվն աստիճանաբար նվազել է՝ արձանագրում է տեսչական մարմնի ներկայացուցիչը: Երեկ ընդամենը երկու արձանագրություն է կազմվել: Հիմա ավելի խիստ են, որովհետև նախորդ ամիսներին այցելել են գրեթե բոլոր տնտեսվարողներին, կանոններին բոլորը քաջ ծանոթ են:
Վան Աղաջանյան - Մշտապես տեսչական մարմինը հետևողական է եղել, եթե գտնվում են տնտեսվարողներ, որոնք չեն անսացել մեր հորդորներին ու պահանջներին, մի փոքր ավելի խիստ մոտեցում ա ցուցաբերվում իրենց հանդեպ:
Խնդիրներ չնկատեցին նաև հաջորդ ռեստորանում: Աշխատակիցները դիմակով են, ջերմաչափով զինված: Գրանցամատյանները լրացված էին ինչպես կարգն է: Տարածքն ախտահանվում է 3 ժամը մեկ՝ հավաստիացնում է տնօրենը:
Խաժակ Սարգսյան (ռեստորանի տնօրեն) - Սեղանի մակերեսն ենք ախտահանում հյուրերի նստելուց առաջ և հետո՝ պարտադիր:
Հասցրել են նաև պատասխանատվության նոր կարգին ծանոթանալ:
Խաժակ Սարգսյան - Ես չեմ վախենում, չեմ խուսափում, որովհետև մաքսիմում իմ մոտ պահպանվում են բոլոր նորմերը:
Տեսուչներն անգամ գովելի փաստ արձանագրեցին՝ գլխավոր դերում սպասքն ախտահանող սարքն է:
Տեսուչները ևս մեկ անգամ հիշեցնում են՝ սննդի կետերում մանրակրկիտ պետք է ախտահանվեն հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները: