Կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօրվանից ուժի մեջ է մտնում տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության ծրագիրը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ 25-րդ միջոցառման շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019-ին մատուցած ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք տուրիզմի ոլորտում են գործում:
«Եթե 2019 թվականի ընթացքում տրանսպորտային ընկերության մատուցած ծառայություններն առավելապես ուղղված են եղել տուրօպերատորներին, պատվերներ են կատարել հյուրանոցների կամ այնպիսի պատվերներ, որոնց դիմաց վճարումները ստացված են եղել օտարերկրյա հաշիվներից՝ քաղաքացիների կամ կազմակերպությունների: Նշանակում է, որ առավելապես այդպիսի ծառայությունները կապ են ունեցել Հայաստան ժամանող քաղաքացիների հետ, այդ կազմակերպությունները լինելու են մեր շահառուների շրջանակը»,- ասաց նախարարը:
Կազմակերպությունները պետք է ստեղծված լինեն մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, և եկամուտների առնվազն 50 տոկոսը պետք է ձևավորված լինի այդ երեք խումբ պատվիրատուներից: Պետք է աջակցություն ստանան միայն այն վարկային միջոցների տոկոսները վճարելու առնչությամբ, որոնք ստացված են եղել տրանսպորտային միջոցներ գնելու համար: Այսինքն՝ եթե այս կազմակերպությունները վարկ են վերցրել բանկերից կամ լիզինգային կազմակերպություններից, օրինակ՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար այդ վարկը ստացել են մինչև 2019 թվականի մարտի 31-ը ներառյալ, այդ մասով հաշվարկված տոկոսներն են, որ կարող են միայն մասամբ վճարվել Կառավարության կողմից:
Կառավարությունը պետք է օգնի վճարել այդ տոկոսների 75 տոկոսը, և առևտրային բանկն իր վարկառուի հետ միասին պետք է գան այն համաձայնության, որ վարկի մայր գումարը մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ պետք է հետաձգվի:
«Մնացած 25 տոկոսը վարկառուն և բանկը պետք է փոխադարձաբար պայմանավորվեն: Եթե բանկն իր վերլուծության արդյունքում վարկառուի հետ միասին կորոշի, որ ընթացիկ ֆինանսական հոսքերը բավարար են, որ այդ 25 տոկոսը վճարի, կազմակերպությունը պետք է վճարի իր միջոցների հաշվին: Եթե բանկը և տվյալ կազմակերպությունը կգան այն համաձայնության, որ կազմակերպության ֆինանսական հոսքերը չեն բավարարում այդ վճարումներն անելու համար, ապա տոկոսների այդ վճարումը նույնպես պետք է հետաձգվի մինչև 2021 թվականի ապրիլ»,- ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության կայքում արդեն հասանելի են դիմորդների համար էլեկտրոնային դիմումը և այն փաստաթղթերը, որ պետք է ներկայացվեն շահառու ճանաչվելու համար, իսկ դիմումների վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 10-ն է: