«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվել:
«Ո՛չ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարց ուղղելիս ասաց, որ վերջինս շարունակում է պնդել՝ վարկային արձակուրդը երկար ժամկետով չեն կարող տրամադրել, իսկ ինքը շարունակում է ասել, որ Երիցյանը չի տիրապետում իրավիճակին այնքանով, որ վարկային արձակուրդ չի տրամադրվել:
«Եթե երկիրը 5 ամիս արտակարգ դրության մեջ է, չի կարող մարդուն տրվել 3 ամիս վարկային արձակուրդ: Պայմանագրերում շատ պարզ նշված է, որ մինչև անգամ երեք ամսից հետո կարող են այդ պայմանագրերը անվավեր դառնալ, և, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ դուք այդ ժամանակահատվածում մարդկանցից գանձել եք տոկոսներ: Դա մեզ համար չի համարվում վարկային արձակուրդ»,- ասաց Մանուկյանը:
Ներսես Երիցյանն ընդգծեց, որ պրոֆեսիոնալները տարբերվում են դելետանտներից նրանով, որ իրենք ոչ թե զգացմունքներին և երևակայությանն են տրվում, այլ կոնկրետ փաստերի, վերլուծությունների և իրականության վրա են հիմնվում:
«Մենք մեր լավագույն ջանքն ենք ներդնում և իրենց գիտելիքները դնում, որ կարողանանք այդ մարտահրավերները գնահատել: Մեր պրոֆեսիոնալիզմը գնահատելու տարբեր չափանիշներ կան, ներառյալ այն խորհուրդը, որի երեք անդամներ ԱԺ-ի կողմից են ընտրվել և նշանակվել:
Ժամանակի ընթացքում բոլոր խորհրդի անդամներին հենց Ազգային ժողովն է ընտրելու, որը դեմոկրատական ճանապարհով պատասխանատու ընտրություն է, և օրենքում դրված է, որ խորհրդի անդամները, որոնք ԿԲ-ում պետք է աշխատեն, պետք է լինեն պրոֆեսիոնալներ, և օրենսդրությամբ սահմանված է՝ ո՛րն է պրոֆեսիոնալը: Մեր խորհրդի բոլոր անդամները այդ օրենքի տառին համապատասխանում են և՛ իրենց գիտելիքներով, և՛ իրենց ունակություններով՝ չհաշված այն, որ միջազգային բազմաթիվ գնահատականներ, նաև տեղական պրոֆեսիոնալ մասնագիտական հանրության գնահատականները մեր պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ՝ բավարար են, որպեսզի ես այդ հայտարարությունն այս ամբիոնից անեմ»,- ասաց Երիցյանը: