Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Հայաստանի գործընկերությանն այլ երկրների հետ: Նա նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է, իսկ 2020 թվականի մայիսին Ռուսաստանում լույս է տեսել «Ռուսաստանի դաշնակիցները» աշխատություն, որում Հայաստանին շատ բարձր գնահատական է տրված:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասնեց, որ աշխատությունում համապարփակ գնահատական է տրվում ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերների դաշնակցային հարաբերություններին Ռուսաստանի հետ: Եվ Հայաստանի հետ հարաբերությունները բարձր գնահատականի են արժանացել:
Վարչապետն ընդգծեց, որ առաջիկայում էլ ԱՄՆ-ի հետ ունենալու են ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:
«Կարևոր է ընդգծել, որ մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում: Եվրամիությունը, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ համար շատ կարևոր գործընկերներ են, և մենք բնականորեն զարգացնում ենք մեր հարաբերությունները գործընկերների հետ: Նաև ԵԱՏՄ շրջանակում առաջիկայում սպասվում է Երևանում միջկառավարական խորհրդի նիստ: Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ, բնականաբար, մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը, և գործընկերների հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք»,- նշեց վարչապետը: