ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը: Թովմասյանը նաև նշել է, որ չի մասնակցելու ՍԴ նախագահի քվեարկությանը:
«Երբ մնացել է մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը»,- ասել է Թովմասյանը: Հարցին՝ ինչո՞ւ, Թովմասյանը մեկնաբանել է, որ, իր տպավորությամբ՝ այս ամենը ուղղորդված ու թելադրված է: «Ինձ մոտ նման տպավորություն ստեղծվեց: Ի սկզբանե ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաև լեգիտիմության պակասի առումով, ես իմ կարծիքը ֆիքսել եմ նրանցից յուրաքանչյուրի առումով, թե ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի: Աշոտ Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ինքը չորս դատավորներից մեկն է, որը լեգիտմության որևէ պակաս չունի»,- ասել է Թովմասյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ աշխակարգային նիստում ՍԴ նախագահի պաշտոնում Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել:
Թովմասյանը նշել է, որ ինքը ՍԴ աշխատակարգային նիստում ի սկզբանե հրաժարվել է նախագահի պաշտոնում առաջադրվելուց, քանի որ, իր տպավորությամբ՝ խնդիր է դրված, թե ո՛վ չպետք է դառնա ՍԴ նախագահ: