Ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը» հրապարակել է «Դաշնակիցներ» («Союзники») գիրքը, որում անդրադարձ է կատարվում ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տնտեսական և ռազմական ներուժին, ինչպես նաև Ռուսաստանի հետ նրանց հարաբերություններին։
Հայաստանին կատարված անդրադարձում ներկայացված է 1990-ականներին Հայաստանի ծանր տնտեսական իրավիճակը՝ պայմանավորված ԽՍՀՄ կազմալուծմամբ, Արցախյան հակամարտությամբ, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակմամբ և այլ գործոններով։ Նշվում է, որ չնայած առկա դժվարություններին, Հայաստանը, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների, հասել է տնտեսական աճի համեմատաբար բարձր տեմպերի։ Տնտեսության ճյուղերից առանձնացվել է զբոսաշրջությունը: Այն ներկայացվել է որպես Հայաստանի տնտեսության արագ զարգացող ճյուղ։
Հայաստանի Զինված ուժերի վերաբերյալ հատվածում առանձնացվել է երկու կարևորագույն առանձնահատկություն՝ նշվում են սերտ փոխկապվածությունը Արցախի Պաշտպանության բանակի հետ, ինչպես նաև ռուս սահմանապահների և ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում։
Անդրադառնալով ռազմական ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին՝ հեղինակները նշում են, որ «ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի համար ստեղծված ծանրագույն պայմաններում Հանրապետության ղեկավարությունն ընտրություն կատարեց հօգուտ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության։ Այս գործընկերությունը ընկալվում է որպես հնարավոր աղետալի սցենարից պաշտպանության երաշխիք, որի ժամանակ Հայաստանը ստիպված կլիներ միայնակ պայքարել Ադրբեջանի և Թուրքիայի հետ միաժամանակ: 1990-ականների սկզբին Վրաստանի և Ադրբեջանի հետ ձևավորված ոչ դյուրին հարաբերությունների ֆոնին Հայաստանը Ռուսաստանի համար փաստացի դարձավ հենակետ Անդրկովկասում»։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնն ընդգծում է` հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և որ հնարավորության սահմաններում Երևանն աջակցում է Մոսկվայի դիրքորոշմանը միջազգային կազմակերպություններում:
Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ գրքի հեղինակներն առանձնացրել են՝ տրանսպորտային հաղորդակցության բարդությունները, ժամանակ առ ժամանակ սրվող տարբեր տնտեսական հարցերը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը։
Նշվում է, որ հայ-ռուսական հարաբերությունների և դաշինքի հետագա զարգացումը մեծապես կախված է Հայաստանի նոր ղեկավարության հետագա քայլերից: Ընդգծվում է, որ շարունակվում է տարբեր նախագծերի շարունակական իրականացումը, ինչպես նաև ներռուսաստանյան գներով սպառազինությունների մատակարարումների շարունակումը: