Մամուլում և փորձագիտական շրջանակներում շահարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության՝ Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձի «ուշացման» հանգամանքը։ Այս թեմայի շուրջ տեղի են ունենում վերլուծություններ՝ փորձ անելով դրան տալ որոշակի քաղաքական երանգ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի անկախության տոնի առիթով Իրանի կողմից բոլոր մակարդակներով շնորհավորանքներ ստացվել են ամեն տարի, սակայն պարտադիր չէ, որ դրանք ստացվեն հենց սեպտեմբերի 21-ին։
«Այս տարի Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձը հղեց սեպտեմբերի 24-ին։ 2018 և 2019 թվականներին այդ ուղերձը հղվել էր նույնպես սեպտեմբերի 24-ին և 25-ին։ Տարիներ առաջ իրանական կողմի շնորհավորական ուղերձը ստացվել է անգամ ամիսներ անց։ Այստեղ որևէ արտառոց բան պետք չէ փնտրել»,- հայտնեցին ԱԳՆ-ից՝ հավելելով, որ շնորհավորանքներ ստացվել են նաև պաշտոնական այլ մակարդակներով: