Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի` արդարադատության ոլորտին նվիրված երկրորդ վիրտուալ քննարկումը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները վերահաստատել են ընդհանուր նպատակներին հասնելու և քաղաքացիների կյանքը բարելավելու հարցում համագործակցելու իրենց հանձնառությունը:
Հայկական կողմից նիստը համանախագահել է արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորգըն Էնդրյուսը: Նիստին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալի պաշտոնակատար Շերիլ Ֆերնանդեսը: Քննարկումը նվիրված էր արդարադատության ոլորտում համատեղ ձեռքբերումների արձանագրմանը և հակակոռուպցիոն ու ոստիկանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ աջակցության ընդլայնման հարցերին:
Մասնակիցները կարևորել են այն ձեռքբերումները, որ Հայաստանն ունի կոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների ստեղծման և ոստիկանության բարեփոխումների բնագավառներում: Երկուստեք շեշտվել է գլխավոր դատախազությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ստորաբաժանման և պարեկային ծառայության ստեղծման կարևորությունը և այդ հարցում ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը՝ տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: