Լեռնանցքի բնակիչ Ավետիք Նիկողոսյանն արդեն 32 տարի երկրաշարժից վթարված տանն է ապրում, իսկ վերջին տասը տարում, նրա խոսքով՝ «դատարանի դռներին»: Երկրաշարժից հետո վթարված առանձնատունը գնահատել էին որպես չորրորդ կարգի վթարային, սակայն կարճ ժամանակ անց համարեցին երրորդ կարգի, ինչը նշանակում էր, որ իր ընտանիքը չի կարող օգտվել աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերից:
Նոր ուսումնասիրություններից ու դատարանի որոշումից հետո վերականգնվեց Նիկողոսյանների՝ աղետի գոտու բնակարանաշինության շահառու լինելու իրավունքը, իսկ այս տարվա սեպտեմբերին էլ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնը՝ Լոռու մարզի 15 բնակարանի շահառուների հետ, սկսել է նաև Նիկողոսյանների հինգսենյականոց տան շինարարությունը:
Ջիվան Ազարյան («Ֆուլեր» տնաշինական կենտրոնի շինարարության ղեկավար) - Մենք էս ծրագրով երրորդ տարին է, որ աշխատում ենք, առաջին տարին շահագործման ենք հանձնել 44 տուն, երկրոդ տարին՝ 65 տուն, այս տարի արդեն՝ 150 տուն:
Աղետի հետևանքով անօթևան մնացածներին բնակապահովման պետական ծրագրի Լոռու մարզի այս տարվա 150 շահառուից 10-ը Լեռնանցք գյուղից են:
Լևիկ Աբգարյան (Լեռնանցքի գյուղապետ) - Տեղեկացնեմ, որ ոչ միայն այս տարի, այլ նաև նախորդ տարի 14-15 բնակարան կառուցվեց, որոնց նորամուտը տոնվեց այս տարվա մայիսին, ինչպես նաև անցյալ տարի դեկտեմբերի 7-ին, էս տարվա համար կառավարության ծրագրով որպես շահառուներ արդեն իսկ պայմանագրեր ունեն 10 ընտանիք, և հույս ունենք, որ մինչև այս տարվա վերջ կավարտվեն: Այն շահառուները, որոնք ընդգրկված են եղել 2008 թվականից աղետի հետևանքով բնակարանաշինության ծրագրում, սրանով ավարտվում է բնակարանաշինության ծրագիրը մեր համայնքում:
Բնակարանները կառուցում հենց իրենք՝ շահառուները, դրա համար ստանալով նաև աշխատավարձ: Երկրաշարժից հետո ընտանիքը մեծացել է, այժմ տասը հոգի են: Ավետիքը կնոջ հետ դեռ կբնակվի վթարային շենքում: Այստեղ կապրեն որդին երկու զավակների հետ, որոնք միասին են ծառայել և Մատաղիսում մասնակցել ապրիլյան պատերազմին:
Թոռները՝ Ավետիքն ու Արմանը, բանակից զորացրվելուց հետո Ռուսաստան արտագնա աշխատանքի էին մեկնում, այս տարի զբաղված են սեփական տան շինարարության վրա, ասում են՝ պակաս չեն վաստակում:
Եկող տարի Նիկողոսյանների տանը երկու հարսանիք կլինի, բոլորն են շտապում, մեծից փոքր գործին օգնում են ինչով կարող են: