«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ վարկերին առնչվող ոլորտը չափազանց զգայուն է: Ըստ նրա՝ դրանում խաչվում են բազմաթիվ ուղղություններ՝ սկսած սպառողների շահերից:
«Բոլոր ուղղություններից մարդիկ իրենց զայրույթը արտահայտելով պահանջում են, որ խնդիրները լուծվեն հօգուտ իրենց: Հասկանալի է, որ պետությունը և պետական մարմինները, Ազգային ժողովը պետք է հարցին նայեն բազմակողմանի և կայացնեն որոշումներ, որոնք կլինեն բալանսավորված: Ֆինանսական կայունության խնդիրը, որ ամրագրված է Սահմանադրությամբ, տրված է դրան գերակա շահի կարգավիճակ: Դա է պատճառը, որ Կենտրոնական բանկն առաջին հերթին առաջնորդվում է դրանով: Սոցիալական հարցը ևս կա, սոցիալական հետևանքները, որ չափազանց կարևոր են: Ի սկզբանե ասեմ, որ անընդունելի եմ համարում ցանկացած մոտեցում, որի համաձայն ասվում է, որ սա ուղղակի քաղաքացու խնդիրն է սխալվել է, կնքել է՝ վե՛րջ, ուրեմն պետք է մնա ինքն իր խնդիրների հետ միայնակ: Այդ մոտեցումն անընդունելի է, և, բնականաբար, պետությունը պետք է հարթակներ ստեղծի, քննարկման առարկա դարձնի»,- ասաց պատգամավորը:
Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ընդհանուր վարկերի ծավալը հասել է գրեթե 3.9 տրիլիոն դրամի՝ տարվա սկզբի համեմատ աճելով գրեթե 9.1 տոկոսով:
«Խնդրահարույց վարկերի ծավալը հասել է 290 միլիարդ դրամի՝ տարվա սկզբի համեմատ աճելով գրեթե 28 տոկոսով: Ակնհայտ է, որ տնտեսվարող սուբյեկտները և քաղաքացիները ունեն դժվարություններ մարման հետ կապված: Սա միայն ֆինանսական կարգապահության խնդիր չէ. ակնհայտ է եկամուտների անկումը: Շատերը կորցրել են աշխատանքը, նվազել են եկամուտները, անկում ունենք վարկունակության մեջ»,- ասաց Խաչատրյանը՝ շեշտելով, որ խնդիր կա վարկերի սպասարկման առումով, և կարևոր է, որ համագործակցությունը լինի արդյունավետ, ու տրվեն այնպիսի վերակառուցումներ, որոնք թույլ կտան բիզնեսին նոր շունչ ստանալ:
Նա խնդիր համարեց նաև երաշխավորության ինստիտուտը, որն այսօր գործում է: Նրա խոսքով՝ մարդիկ ստիպված են մեկը մյուսին երաշխավորություններ տալով, բարեկամական կապերին տուրք տալով երաշխավորություն տալ, իսկ գործող ինստիտուտը նախատեսում է այն, որ չհանդիսանալով համավարկառու՝ ստիպված են լինելու իրենք վճարել այդ գումարները: Խաչատրյանը նաև նշեց, որ շատ դեպքերում այդ գանձումները նույնիսկ բավարար չափով չեն կատարվում հիմնական պարտապաններից: Պատգամավորի խոսքով՝ այդ խնդիրների հետ կապված մոտեցումը պետք է լինի բալանսավորված ու համագործակցային, և ցանկացած առաջարկ պետք է տանի լուծման: