ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին:
«Այսօր Կառավարության նիստում հայտարարվեց Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո գումարի չափով աջակցություն տրամադրելու մասին՝ ուղղված արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացմանը։
Նախ ասեմ, որ բյուջետային աջակցության այս համաձայնագիրն աննախադեպ է և՛ իր ծավալով, և՛ իր ձևով։
Սա հաջողություն է և մեկ անգամ ևս ապացուցում է, որ դատաիրավական և հակակոռուպցիոն մեր բարեփոխումները համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին, և այդ առումով ունենք միջազգային հանրության աջակցությունը։
Համաձայնագիրն աջակցելու է մեր բարեփոխումներին երեք հիմնական ուղղություններով՝ դատական համակարգի անկախության, հաշվետվողականության ու բարեվարքության ամրապնդում.
դատարաններում գործերի քննության արդյունավետության բարձրացում, դատական պրոցեսների ժամկետների կրճատում ու դատավարության մասնակիցների համար գործընթացի պարզեցում.
հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աջակցություն»,- հայտնել է Բադասյանը:
Հիշեցնենք՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: