Մայր թատրոնը 99-րդ թատերաշրջանը բացում է Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոնի» նորամուտով. սունդուկյանցիները համավարակին հակադարձում են նորարարական մոտեցումներն ու ստեղծարար սկիզբը:
Բացօթյա ներկայացման համար ամեն ինչ սկսել են զրոյից, և թատրոնի տարածքները վերածել են նոր բեմահարթակի: Արա Խզմալյանն ընդգծում է՝ իր 100 ամյակի նախաշեմին մայր թատրոնը խորը բովանդակային ու ֆիզիկական նորոգման փուլում է և վերադառնում է ակունքներին:
2020-ը Սունդուկյան թատրոնն սկսել էր բազմաթիվ նոր ու խոշորածավալ ծրագրերով. Քովիդը հիմնավորապես փոխեց աշխատանքի ձևաչափը՝ կես տարի առավելապես աշխատել են առցանց հարթակում: Այդուհանդերձ, կառավարության աջակցությամբ բարեկարգել են թատրոնի ստեղծագործական և բոլոր մյուս տարածքները:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի գնահատմամբ՝ չնայած կորոնավիրուսի բոլոր վտանգներին, այն ստիպեց, որ թատրոնը հանդիսատեսի հետ երկխոսության նոր միջոցներ փնտրի և հրաժարվի ակադեմիզմից:
Թատերաշրջանը բացող ներկայացման ընտրությունը թելադրել է ինքը՝ համավարկը: Միջնադարում Ֆլորենցիան պատուհասած ժանտախտը և 21-րդ դարում աշխարհը կաթվածահար պահող թագավարակն ընդամենն առիթ են կրկին խոսելու մարդկային բարդ փոխհարաբերությունների մասին: Լուրջ մարտահրավեր էր և լավ փորձառություն,- նշում է բեմադրող ռեժիսորը:
Հոկտեմբերին թատրոնը կխաղա 12 բացօթյա ներկայացում՝ ընդամենը 50 հանդիսատեսի համար. այժմ քննարկում են դահլիճ և մեծ բեմ վերադառնալու հարցը՝ գուցե հոկտեմբերի վերջին տասնօրյակում: