Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի։ Սեպտեմբերի 26-ին` ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։
Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։
Համերգային ծրագրում կոմիտասյան մաքրամաքուր ստեղծագործություններ են։
Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում: Հոբելյանի շրջանակում ԿԵԱԿ-ի երաժշտախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելույթներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև արտերկրի հեղինակավոր բեմերում, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: