Խորհրդարանական լսումներին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված իր իրավասությունները սահմանափակ են:
Ըստ Թաթոյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն՝ զբաղվելու կոնկրետ բողոքներով, բանկերի դեմ ուղղված հարցերով, բայց, այդուհանդերձ, իրականացնում են մոնիթորինգ՝ համակարգային առումով մարդու իրավունքների հետ կապված հարցերը լուծելու նպատակով:
«2020 թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմեբրի 23-ն ընկած ժամանակահատվածը Մարդու իրավունքների պաշտպանը բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ 400 անձից ստացել է ըստ խնդրի բնույթի 200 գրավոր և բանավոր դիմում-բողոքներ»,- ասաց Արման Թաթոյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև շեշտեց, որ քաղաքացիները նախ պետք է կարդան պայմանագրերը, ինչը երբեմն չի արվում: