18-րդ դարում հայր Մխիթարը հաստատվեց Սուրբ Ղազար կղզում՝ հիմք դնելով Վենետիկում հայկական ներկայությանը, որն այսօր արդեն միայն Մխիթարյան միաբանությամբ չի սահմանափակվում: Սա է պատճառը, որ մոտ մեկ տարի առաջ Հայաստանի և Իտալիայի նախագահները երկկողմ ցուցահանդեսի մասին պայմանավորվելիս որոշեցին Իտալիայից Հայաստան բերել հենց 18-րդ դարի իտալական գլուխգործոցներ:
Բաղրամյան 26-ում այսօր բացվեց իտալական արվեստի ցուցահանդես: Նախագահի նստավայրի այցելուների աչքը շոյելու են իտալացի վարպետներից չորսի՝ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոնիի, Ֆրանչեսկո Գվարդինի և Միկելե Մարիեսկինի կտավները:
Հայերին ու իտալացիներին մշակույթն առաջին հերթին է կապում, կարծում է Հայաստանում Իտալիայի դեսպանը: Շոյված է, որ իտալական արվեստի գործերը ցուցադրվում են հենց նախագահի պալատում: Ասում է` Արմեն Սարգսյանը շատ զգայուն է արվեստի հանդեպ:
Բոլորը Վենետիկյան պատկերներ են և բոլորը՝ Սան Մարկոյի հրապարակից՝ տարբեր հայացքներով ու տարբեր վրձիններով: Արմեն Սարգսյանը դեսպան Դել Մոնակոյի հետ բացահայտում է Կանալետոյի վարպետության հերթական երանգը: Ասում է՝ ամեն անգամ նոր աստիճան ես տեսնում:
Եթե համավարակը չխանգարի, մինչև տարվերեջ Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա: Այդ օրերին էլ Իտալիայում կբացվի պատասխան՝ հայկական ցուցահանդեսը, որի համար Արմեն Սարգսյանը մտադիր է Իտալիա տանել հայ վարպետների մոտ տասը գլուխգործոց:
Կտավների վերջնական ցանկը դեռ հստակեցված չէ, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Համավարակի պատճառով այցի հետաձգումը հնարավորություն է տվել ոչ միայն պատկերասրահից, այլ նաև անձնական հավաքածուներից կտավներ տանել: Եթե իտալական ցուցահանդեսը մեկ քաղաքի պատմության հետ է կապված, հայկական ցուցադրությունն Իտալիայում ավելի մեծ ժամանակաշրջան և աշխրահագրություն կընդգրկի: