Պայմանական սցենարով սահմանին թեժ մարտեր են. հակառակորդը հարձակվել է պաշտպանական գոտու ուղղությամբ։ Մարտական գործողություններին միացել են նաև ռուսական զորքերը, որոնք իրականցնում են պաշտպանական, մերոնք` հակահարվածային գործողություններ։ Հնարավոր բոլոր միջոցներով՝ մարտական կրակի կիրառմամբ մոտոհրաձգային, հրաձգային, տանկային, հակաօդային ուժերը գործի են դրվել՝ հակառակորդին հակահարված տալու համար:
«Ալագյազ» զորավարժարանում պայմանական պատերազմ է։ Ներքևում հրաձիգը, հրետանավորն ու տանկիստն են, օդում՝ ավիացիոն և հակաօդային ուժերը։ «Կովկաս-2020»-ը ստրատեգիական ռազմավարական զորավարժություն է, որը կտևի մինչև սեպտեմբերի 26-ը։
Խաղարկվում են տարբեր սցենարներ, ստուգվում զորքերի մարտական պատրաստվածությունը։ Միայն Հայաստանում զորախաղերին ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող, շուրջ 300 միավոր զինտեխնիկա։
Տիգրան Փարվանյան, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար - Առայժմ, տեսնելով կրակային խոցումն առանց մոտենալու, առանց հաշվելու թիրախային ամբողջ դաշտը հաշվում եմ, որ վատ չի եղել: Ես հատուկ դրոշներ էի ամրացրել մեր զրահատեխնիկայի վրա, որպեսզի տեսնեք, որ հայկական կողմը որն է, ռուսական կողմը որը, որ համատեղ ինչպես են երկուսն իրար հետ երկուստեք ներդաշնակ գործողություններ կատարում:
Հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորման ղեկավարը զորավարժության արդյունքները գնահատում է լավ, նա և ռուս գործընկերները հետևում են մարտական կրակի խոցման արդյունավետությանը։ Գեներալ Փարվանյանն անկեղծանում է՝ թերացումներ կային, բայց դրանց հետ մեկտեղ արձանագրում է նաև զորքի մարտական հաջողությունները։
Տիգրան Փարվանյան, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար - Թերություններ էլ կան, բայց այդ թերություններն այնքան չնչին են, որ ես ասում եմ` մեր մարտական խնդիրն այսօր կատարեցինք: Այսպիսի միջոցառումներ լինում են տարին 2-3 անգամ: Սա առաջին անգամը չէ և ոչ մեկին ուղերձ չէ:
Լայնամասշտաբ զորավարժություններ զուգահեռ անցկացվում են նաև Ռուսաստանում, որին մասնակցում է շուրջ 20 երկիր, ներգրավված է 8000 զինվորական։ Հարևան Ադրբեջանը Քովիդի դեմ պայքարի պատճառաբանությամբ չի մասնակցում զորախաղերին ու որպես դիտորդ ուղարկել է ընդամենը երկու զինծառայող։ Միացյալ զորքերն, առանց Ադրբեջանի էլ, խաղարկում են հնարավոր բոլոր սցենարները, մեր տղաներն էլ պայմանական հակագրոհի հաջողություններով են ոգևորվում.
Արման Գրիգորյան, ՀՀ ԶՈՒ շարքային - Ամեն զորավարժություն ասես մի բան ավելացնի մեր ռազմական գիտելիքներին: Ապահովել ենք գերազանց արդյունք. դա ամենակարևորն է, որ կարող ենք պիտանի լինել արդեն մարտական գործողությունների ժամանակ, մեր երկրին, մեր հողն ու ջրին:
Ժամկետային զինծառայողներից շատերի համար սա լուրջ փորձություն է. Արեն Ավագյանը, որ նոր է ստացել կրտսեր հրամանատարի որակավորում, առաջին անգամ է ընդգրկվում գործնական վարժանքներում: Ուրախանում է հաջողություններով ու անկեղծանում՝ բոլոր թիրախները խոցել են.
Արեն Ավագյան, ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ - Մեր առջև դրված խնդիրը՝ աջակցել մեր համազորային ստորաբաժանումներին, կատարեցինք գերազանց, անձնակազմը լիովին տիրապետում է իր գործողություններին:
Հարավային զինվորական օկրուկի և Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ միջազգային զորավարժություններն առանձնահատուկ են. ստուգվում են նաև ահաբեկչության դեմ պայքարի մարտավարությունը, զինված բախումները լոկալիզացնելու հնարավորություններն ու պետությունների ռազմական անվտանգության ապահովման հարցերը։