ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ «Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ:
«Գործնական վարժանքներին մասնակցում են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ զորքերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ։
Զորավարժությունների ընթացքում խաղարկվում են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվում է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվում է փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված են ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա»,- գրել է Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում: