Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի քննարկմամբ: Վարչապետը նշեց, որ կրկին սրում ունենք, և երեկ 3913 հետազոտությունից գրանցվել է 374 նոր դեպք:
«Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, և մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք պետք է շարունակենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, և այստեղ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից: Իհարկե, նաև վարչական մեթոդները պետք է խստորեն կիրառել:
Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը պետք է ուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ: Բայց, մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր, որոնցից մեկն էլ այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող շատ կենտրոններ վերադարձել են իրենց նախկին աշխատանքին:
Նրա խոսքով՝ եթե շարունակվեն մեկ օրում գրանցվող վարակակիրների թվերն աճել, ապա ԲԿ-ները կարող են կրկին վերածվել կորոնավիրուսային բուժման կենտրոնների:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղված է 1230 սովորական և 170 մահճակալ վերակենդանացման բաժանմունքներում, որոնց 70 տոկոսը դեռևս ազատ է:
«Մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում են միայն դրա համար նախատեսված 5-ը և ևս 3-ը՝ շատ նեղ մասնագիտացված, շատ փոքր թվերով երեխաների, հղիների և նորածինների համար: Ցանկացած պահի, երբ իրավիճակը կտրուկ կսրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը նորից գործի դնել, իհարկե մեր գործողությունները պետք է միտված լինեն դա թույլ չտալուն: Հիշում եք, որ ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի 6-ի շրջանում էր, և ամենացածր թիվն էլ սեպտեմբերի 11-ին էր, որից մինչ օրս մենք աճում ենք»,- նշեց Թորոսյանը՝ կրկին հիշեցնելով կանոնների պահպանման անհրաժեշտության մասին:
Վարչապետը հավելեց, որ Կառավարությունը 100 տոկոսով թափանցիկ է աշխատել այս ընթացքում, կորոնավիրուսի հետ կապված որևէ թիվ չի թաքցվել:
«Ինչ գիտենք մենք, գիտեն ՀՀ հանրությունն ու ամբողջ աշխարհը: Կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ, և այսօր ուժի մեջ է մտնում նոր աջակցության ծրագիրը»,- նշեց վարչապետ Փաշինյանը: