Հակաճգնաժամային 1-ին և 2-րդ միջոցառմամբ սուբսիդավորման չափը երեկվա դրությամբ կազմում է 119 մլրդ դրամ: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ սեփականատիրոջ կողմից 50, 100, հետագայում՝ 25 մլն դրամով կապիտալի համալրման դեպքում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեցին: Մ. Գրիգորյանն ասաց, որ երեկվա դրությամբ ստացվել է 32 հայտ, 28-ը բավարարվել են, և այդ հայտերով Կառավարությունը կսուբսիդավորի 8 մլրդ դրամի համարժեք վարկային պորտֆել:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ սեփականատերերն իրենց կապիտալում ներդրել են շուրջ 3 մլրդ դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ, ըստ էության, այդ գումարներն ընկերությունները օգտագործում են հումքի, սարքավորումների ձեռքբերման, աշխատավարձերի, հարկերի վճարման համար: Կառավարության ղեկավարն ասաց, որ այս ներդրումները օգնում են, որպեսզի աշխատատեղերը չփակվեն:
Փաշինյանը հայտնեց, որ այս տարվա օգոստոսին առկա է 13422-ով ավելի աշխատատեղ, քան 2019-ի օգոստոսին, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ՝ 4946 աշխատատեղով ավելի:
Նրա խոսքով՝ այս միտումը շարունակվում է նաև աշխատավարձերի առումով: Մասնավորապես, 2020-ի օգոստոսին 2019-ի օգոստոսի նկատմամբ երկրում աշխատավարձի ֆոնդը ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9.6 տոկոսով, սակայն հուլիսի նկատմամբ պակաս է եղել 2 մլրդ 663 մլն դրամով, ինչը պետք է վերլուծել և հասկանալ՝ ինչի հետ է կապված:
Կառավարության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020-ի օգոստոսին 2019-ի օգոստոսի նկատմամբ ավելի է եղել 13671 դրամով կամ 7.3 տոկոսով, սակայն 2020-ի հուլիսի նկատմամբ պակաս է եղել 5973 դրամով կամ 2.9 տոկոսով: «Այս թվերը դեռ պետք է վերլուծել և հասկանալ, սակայն արձանագրումն այն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է, ինչը կարևոր է սոցիալական իրավիճակի գնահատման առումով»:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ 2020-ի օգոստոսին հուլիսի նկատմամբ աշխատավարձի ֆոնդը պակաս է եղել, քանի որ հուլիսը արձակուրդային ամիս է, և աշխատակիցներին վճարվող աշխատավարձի չափն ավելին է: