Ընդդիմությունը հոկտեմբերի 8-ին ազատության հրապարկում համապետական հանրահավաք է հրավիրում: Միավորվել են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ
նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» կուսակցությունն ու 2018-ի խորհրդարանական ընտրություններին մոտ չորս տոկոս ձայն ստացած Հայ հեղափոխական դաշնակցությունը:
Պնդում են, թե անցած ավելի քան երկու տարվա ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել, իշխանությունն էլ ձախողել է բոլոր ոլորտներում: Ի՞նչ են պահանջելու՝ կառավարությա՞ն, թե՞ վարչապետի հրաժարական, «Բարգավաճ Հայաստանից չեն շտապում փակագծեր բացել:
Թեև ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ երեք քաղաքական ուժն էլ հանրային մեծ վստահություն են վայելում, այդուհանդերձ խշխող «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը հակադարձում է՝ նրանց շուրջ հանրությունը երբևէ չի համախմբվի:
Ռուբեն Ռուբինյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Չեմ կարծում, որ այդ ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել՝ երկու պատճառով: Նախ, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ հանրության շրջանում մեծ դժգոհություն կա, երկրորդ՝ չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լինի, այդ ուժերն են, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեն:
Հանրային դժգոհություն կա և հանրահավաք հրավիրելով` հենց այդ մարդկանց ձայնն էլ փորձելու են լսելի դարձնել` շեշտում է Իվետա Տոնոյանը և պնդում՝ վտանգված է Հայաստանի զարգացման հեռանկարը: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ՝ հանրահավաք հրավիրելու ընդդիմության պատճառներն անհիմն են ու մերկապարանոց:
Հանրահավաքին կառավարության հրաժարականի պահանջի դեպքում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» կմիանա՞ այդ ուժերին: Մարուքյանն ասում է՝ եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, ապա խորհրդարանում կնախաձեռնի իմփիչմենթի գործընթաց:
Համատեղ օրակարգ ձևավորելու և միասնական գործողությունների անցնելու վերաբերյալ քաղաքական ուժերը բարձրաձայնել էին մոտ 5 ամիս առաջ, սա նրանց առաջին համատեղ ակցիան է: