Դեռ 10-ը օր չկա՝ դպրոցները բացվել են, բայց վարակի նկատմամբ վախը ծնողների ու աշակերտների մոտ չի նահանջում: Շատ ծնողներ անհանգիստ են՝ արդյոք իրենց երեխաներին դասավանդող ուսուցիչները թեստավորվե՞լ են, թե՞ ոչ: Զուգահեռ մամուլում լուրեր են տարածվում, թե դպրոցներում արդեն բացակայությունները շատ են: «Լուրերի» նկարահանող խումբը թակել է երևանյան մի քանի դպրոցի դռներ և փորձել տեղում ծանոթանալ իրավիճակին:
«Դպրոցներում բացակայություններն այնքան չեն, որքան տարածված լուրերն են»,- կասկածները ցրեցին կրության նախարարությունից: Մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են. հանրապետության պետական դպրոցներում սովորող 388 518 աշակերտից սեպտեմբերի 15-19-ն բացակայել է ընդամենը 1.4 տոկոսը:
Փորձեցինք դպրոցներում պարզել, թե հաճախելիության ի՞նչ ցուցանիշ է այսօր, մեր այցելած ոչ մի կրթօջախում, ի դեպ, նկարահանում կատարել թույլ չտվեցին: Պատճառաբանում էին, թե՝ քաղաքապետարանից են արգելել, մինչդեռ քաղաքապետարանի մամուլի խոսնակն ասաց՝ արգելված չէ, բայց տնօրենների կամքն է:
Պուշկինի անվան դպրոց այցելության պահին բարձր ջերմության պատճառով աշակերտներից մեկին մեկուսացրել էին, սպասում էին երեխայի ծնողներին: Տնօրենը, որ դեմ էր դպրոցում նկարահանմանը, այնուամենայնիվ պատասխանեց մեր հարցին, թե արդյոք նման դեպքեր էլի են եղել:
Նատալյա Ստեփանյան, Երևանի Պուշկինի անվ. դպրոցի տնօրեն - Այսօր է առաջին դեպքը գրանցվել, երբ օրվա կեսից երեխան վատ է զգացել, ջերմել է, այժմ գտնվում է մեկուսարանում:
Իսկ Քովիդ դրական ախտորոշումով ուսուցիչները մասնագետների հսկողության տակ են: Ի դեպ, ուսուցիչների թեստավորումն ավարտվելու է հոկտեմբերի սկզբին: Սեպտեմբերի 7-ից մեկնարկած, 30 000 ուսուցչի ու դպրոցի աշխատակցի համար նախատեսված գործընթացը դեռ շարունակվում է: Երևանում նմուշառման ենթակա 9000 անձից մինչ օրս թեստավորվել է մոտ 3800-ը:
Գայանե Անտոնյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ - Ընդամենը 2 տոկոս, 74 անձ ունենք, որ դրական է եղել արդյունքը:
Գայանե Անտոնյանը վստահեցնում է, որ Քովիդ դրական ախտորոշումով ուսուցիչների մեծ մասի մոտ հիվանդությունն ասիմպտոմ է: Այնուամենայնիվ, ուշացած չե՞ն արդյոք այն թեստավորումները, որոնք արվում են դասերի մեկնարկից՝ այսինքն ուսուցիչ-աշակերտ շփումից հետո, քանի որ նմուշառման նպատակը հենց վարակը կանխելն էր:
Գայանե Անտոնյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ - Քննարկվել է, բայց քանի որ ծավալը մեծ է, նախարարության հետ ենք քննարկել, շարունակական գործընթաց է և փառք Աստծո, այնպես չէ, որ մեծ ծավալով ունենք, ասում եմ, ամբողջ նմուշառվածների ընդամենը 2 տոկոսը:
Հանրապետության մարզերում կատարված թեստավորումներից մինչև օրս դրական է եղել մոտ 2 ու կես տոկոսի արդյունքը: