Հակակարկտային 25 կայան սուբվենցիոն ծրագրերով: Եվս յոթը կտեղադրվի 2021-ին և Լոռի Բերդ համայնքի գյուղերը կունենան հակակարկտային պայքարի կուռ ճակատ: Անիմաստ են համարում կասկածներն այս կայանների ոչ այնքան արդյունավետության վերաբերյալ: Նախ փորձով են համոզվել, երկրորդ՝ ապահովել են անհրաժեշտ քանակ և տեղադրել կարկատաբեր ամպերի հիմնական ուղղությամբ:
Արայիկ Ներսիսյան (Լոռի Բերդ համայնքի ղեկավար) - Հակակարկտային կայանների արդյունավետությունը եթե նույնիսկ 35% պաշտպանի, այսօր աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիաները մինչև 70% են պաշտպանում, ինչպե՞ս կարող է դրա կեսը արդյունավետ չլինել:
«Յունայկա» գյուղատնտեսական ձեռնարկությունը տարիներ առաջ ձեռք էր բերել ընդամենը մեկ կայան, և արդյունքները սպասել չեն տվել:
Արամ Ջանջուղազյան (Յաղդանի «Յունայկա» գյուղատնտեսական ձեռնարկության ղեկավար) - Արդյունքը մենք նկատել ենք, որ տեղադրումից հետո այդ տարածաշրջաններում կարկուտի վնասներ չեն լինում:
Ցանքի վստահելի պաշտպանությունը խթանել է գյուղատնտեսական հանդակների մշակումը:
Արայիկ Ներսիսյան - Ռիսկի գործոնի պակասելու հետ ունենք տեխնիկա, ունենք հակակարկտային կայաններ, մարդիկ սկսել են հողերը մշակել, ցանել;
Լոռի Բերդում վերջին տարիներին ձեռք են բերել գյուղատնտեսական անհրաժեշտ բոլոր մեքենաներն ու մեխանիզմները, որոնք նաև կայուն եկամուտ են բերում տեղական բյուջե. այս տարի 50 մլն, մյուս տարվա համար պլանավորել են 100 մլն դրամ: Փոքր համայնքի համար սա բարձր ցուցանիշ է: Այս տարի եղանակը բարենպաստ էր, ստացվել է հացահատիկի և կարտոֆիլի աննախադեպ բարձր բերք: Հացահատիկը լավ գնով են վաճառել, բայց ահա կարտոֆիլի գնորդ չկա: «Յունայկայում» ծախս, եկամուտ, ինքնարժեք թվաբանությունը ոգևորող չէ:
Արամ Ջանջուղազյան - Եթե մեկ տոննայի ժամանակ ծախսում էիր, օրինակի համար, 1000 դրամ, հիմա ծախսում ես կրկնակի, ասենք՝ 2000 դրամ, այսինքն՝ կստանաս առաջվա գինը, նախորդ տարի 140 դրամ էր, այս տարի 70 դրամ, այն էլ գնորդ չկա, եթե կարող ենք օրական հանել 10 կամ 20 խոշոր վաճառել, այսօր այդ գնորդն էլ չկա, անցյալ տարիներին կար, գնորդ կար, թանկ ավելի շատ են գնում, քան էժան, այսինքն՝ թանկ ժամանակ ավելի քիչ է լինում, քան էժան ժամանակ, հիմա ավելի շատ ծախս ես անում, որ այդ գինը հանես:
Այս տարի կարտոֆիլի գերարտադրություն է, իսկ ՌԴ արտահանողներ այս կողմերում դեռ չեն երևացել: Երկար տարիներ քննարկվում է մեր երկրում կարտոֆիլի վերամշակման խնդիրը, մասնավորապես չիփսեր արտադրելու հնարավորությունը:
Արայիկ Ներսիսյան - Չէ, չիփսերով նման հարց չի լուծվի, քանի որ մի բնակավայրի արտադրած կարտոֆիլով կարելի է. այնքան է չիփս արտադրել, որ ամբողջ Հայաստանին, հյուսիսային կամ ընդհանրապես Կովկասին կբավականացնի: Հարկավոր է արտահանել արտերկիր, Ռուսաստան, բայց բոլորը չէ, որ կարող են արտահանում անել, անհրաժեշտ են արտոնություններ, որպեսզի մեր երկրում ավելցուկ չառաջանա:
Համայնքի ղեկավարը լավ լուր ունի, հարևան համայնքներում արդեն մթերող-արտահանողներ են հայտնվել, շուտով իրենց էլ կհասնեն:
Արուս Թումանյան (Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Այս տարի մեր մարզի վեց համայնքերում իրկանացվում են վեց սուբվենցիոն ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում:
Իսկ Լոռի Բերդում չեն սահմանափակվել միայն կարկտակայանների տեղադրմամբ: Չորս համայնքում խմելու ջրի մատակարարման ցանց են կառուցում, երկու համայնքում մշակույթի տուն վերակառուցում: