Այսօր մի քանի լրատվամիջոց դիմում-խնդրանքներով դիմել էին ՍԴ՝ աշխատակարգային նիստի լուսաբանման համար, սակայն ՍԴ-ն տևական քննարկումներից հետո նպատակահարմար չի համարել դիմում-խնդրանքի բավարարումը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ ՍԴ նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կամ ստորաբաժանումների կողմից: Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք այն տարածվելո՞ւ է, Շաթիրյանն ասաց.
«Ձեռնպահ կմնամ այս առնչությամբ միանշանակ գնահատականներ տալուց, բայց տեսաձայնագրվելու է»,- ասաց Շաթիրյանը՝ տեղեկացնելով, որ հարցը բավական երկար քննարկվել է:
«Շրջանառվեց աշխատակարգային որոշումների երկու նախագիծ: Առաջինը վերաբերում էր լրատվամիջոցների դիմումները բավարարելուն, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը. այս գաղափարը հավանության չարժանացավ: Երկրորդը վերաբերում էր աշխատակազմի կամ ստորաբաժանման կողմից նիստը տեսաձայնագրելուն. այս որոշումն արժանացավ հավանության»,- ասաց Էդգար Շաթիրյանը:
ՍԴ դատավորը տեղեկացրեց, որ բովանդակային քննարկում թե՛ ՍԴ նախագահի, թե՛ փոխնախագահի ընտրության մասով չի ծավալվել: Հայտնեց նաև, որ բոլոր դատավորները ներկա են եղել աշխատակարգային նիստին: