«Ինձ համար, առնվազն տեսականորեն, Սահմանադրական դատարանի դատավորներից ինն էլ կարող են հավակնել թե՛ ՍԴ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոններին»,- հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծեց, որ ՍԴ աշխատակարգային նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է Սահմանադրական դատարանի թե՛ նախագահ, թե՛ փոխնախագահ:
Անդրադառնալով հարցին, թե չընտրվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ՝ հրաժարվեց աշխատել այնտեղ, արդյոք նույն սկզբունքո՞վ է եկել ՍԴ, Շաթիրյանն ասաց՝ այդ հարցն առանձին շրջանակներ են շահարկում և այսօր էլ շարունակում են նույնն անել:
«Նախորդ գործընթացի դեպքում գիտեք, որ մինչև այդ պաշտոնում առաջադրվելը ես առնվազն 4 տարի և ավել պաշտոնավարել էի իրավանախորդ մարմնում, իսկ տվյալ պարագայում իրավիճակը սկզբունքորեն այլ է»,- մեկնաբանեց Շաթիրյանը:
ՍԴ դատավորի խոսքով՝ ի սկզբանե դատարանի շենք է մուտք գործել կառուցողական դրական տրամադրվածությամբ, և իր խնդիրն է անել ամեն ինչ, որ դատարանը հնարավորինս արագ անցնի իր բնականոն աշխատանքին: Շաթիրյանի խոսքով՝ ՍԴ-ում կուտակված են բազմաթիվ գործեր, դիմումներ, որոնց պետք է ընթացք կամ լուծում տրվի: