Արթուր Խալաթյանը երկու տարի Դաշնությունում տաքսի է վարում: Հայկական վարորդականով գործի անցնել չի հաջողվել: 2017 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած դաշնային համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես շատ հայ վարորդներ, ինքն էլ փաստի առաջ կանգնեց: Ստիպված ռուսականը ձեռք բերեց, այն էլ՝ մեծ գումար վճարելով, քանի որ նույնիսկ հմուտ վարորդի համար գրեթե անհնար է գերազանց ստանալ քննությունը. ներքին կարգն է այդպես՝ ասում է:
Արթուր Խալաթյան (Վարորդ) - Շատերը կան, որ արդեն 6 ամիս է եկել են ու ոչ մի կերպ չեն կարողանում այստեղից գնալ, չեն կարողանում աշխատանք գտնել վարորդական իրավունքի պատճառով:
Երկարատև բանակցություններից հետո հայկական կողմին հաջողվեց արդյունքի հասնել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի համանախագահությամբ 2019-ին կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, համաձայն որի՝ ռուսական կողմը կարագացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխությունը: Դաշնության ներքին գործերի նախարարությունն օրինագիծ է մշակել, որը թույլ կտա ԵԱՏՄ երկրներից միգրանտներին Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքի վկայականով: Օրենքի նախագիծը սահմանում է մեքենաների կառավարման թույլտվության նոր կանոններ՝ ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելիս: Օրենքը կա, բայց դեռ չի գործում:
«Լուրեր»-ի հարցերին՝ ե՞րբ հնարավոր կլինի հայկական վարորդական իրավունքով աշխատել Դաշնության տարածքում, ի՞նչ հնարավոր խոչընդոտներ կարող են առաջանալ, ԵԱՏՄ-ն իր իրավասությունների շրջանակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ, ԵՏՄ Կոլեգիայից պատասխանեցին հետևյալը.
«Հանձնաժողովն իրավասության շրջանակում որոշում է ընդունել այդ հարցի վերաբերյալ: ԵՏՀ խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի № 104 որոշումն ուժի մեջ է մտել 2020-ի հունվարի 23-ին: Եվ խնդրել է Ռուսաստանի կառավարությանն արագացնել դրա կարգավորումն ազգային օրենսդրության մակարդակով: Այսօր, ինչպես տեսնում ենք, ռուսական կողմն իրականացնում է այդ որոշումը։ Մշակվել է համապատասխան օրինագիծ, որն անցնում է անհրաժեշտ ընթացակարգեր»:
Օրենքի նախագիծը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կսկսի գործել, բայց թե երբ՝ դեռ հայտնի չէ: