Հարյուր և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին:
Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմն ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգևատրման առաջարկություն։
«12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգևի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 և ավելի բուժաշխատողներ մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,- ասաել է խոսնակը:
Հիշեցնենք, որ «Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։