Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր չի կայացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 1Lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի հետաձգումը պայմանավորված է եղել պաշտպանության կողմի՝ մեղադրյալի ու նրա պաշտպանների այսօրվա նիստին չներկայանալու հանգամանքով:
Մեր տեղեկություններով՝ հաջորդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ գործում առկա է հիմնավոր կասկածը: Դատախազություն Վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը հուլիսի 8-ին մասնակի բավարարվել էր, և կալանավորելու հարցը ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։