Իր զբաղվածությամբ հանդերձ, ԱՄՆ նախագահ Թրամփը չի մոռանում թիրախավորել նախագահի ընտրություններում իր մրցակցին՝ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին: Թրամփը քննադատել է Բայդենի էներգետիկ ծրագիրը՝ կանխատեսելով, որ դա կավերի երկիրը, հայտնում է BBC-ն:
«Մի քանի օր առաջ Բայդենը կրկնեց իր խոստումը` պահանջել ածխաջրածինների զրոյական արտանետում: Ըստ էության, սա նշանակում է, որ այլևս չի լինի նավթ, գազ, արդյունաբերություն»,- ասել է Թրամփը Փենսիլվանիայում կայացած իր ելույթի ժամանակ:
Օգոստոսին Դեմոկրատական կուսակցության համագումարում հնչեցրած ծրագրային ելույթում Բայդենը ներկայացրել է իր տեսլականը, որը ներառում է տնտեսության խթանման միջոցառումներ, նոր աշխատատեղերի ստեղծում մեքենաշինության և, այսպես կոչված, մաքուր էներգիայի ոլորտում, նոր ծրագրեր երիտասարդների համար և խոշոր բիզնեսի հարկային արտոնությունների վերացում, որոնք ներդրել է Թրամփի վարչակազմը:
Հուլիսի կեսերին էլ Bloomberg բիզնես լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Բայդենը նպատակ ունի մինչև 2035 թվականը Միացյալ Նահանգներում օգտագործել մաքուր էներգիայի աղբյուրները, ինչի համար նա առաջարկում է չորս տարում կատարել 2 տրիլիոն դոլարի ներդրում: