ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հաղորդում են, որ 2019-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնվել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագիրը: 2020–21 ուսումնական տարում այն արդեն իրականացվում է 8 պետության 10 հաստատությունում՝ նախկին 4-ի փոխարեն և ընդգրկում է Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Կահիրեի (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանները, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանը և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (Ռուսաստանի Դաշնություն): Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումն հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։
Այս ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցելու հայերենի և հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա լայն հնարավորություն է ճանաչելի դարձնելու հայկական մշակույթն ու ինքնությունը, մեծացնելու միջազգային հետաքրքրությունը մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչպես նաև տեղի հայ համայնքներում նպաստելու հայկական արժեքների պահպանմանը:
Դասավանդումն իրականացվում է հիմնականում տեղի հայագիտական ոլորտի կադրերի կողմից, երբեմն նաև Հայաստանից գործուղված մասնագետի միջոցով (Բուխարեստի համալսարան):
Հաստատություններում հայերենի իրավական կարգավիճակը տարբեր է. Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայերենը դասավանդվում է 3 ուսումնական տարի՝ լեզվաբանների համար։ Բուխարեստում այն ընտրովի առարկա է։ Պրահայում և Զալցբուրգում դասավանդվում են նաև այլ հայագիտական առարկաներ՝ Հայոց պատմություն, Հայ քրիստոնեության պատմություն, Հայ գրականություն և այլն։
2020 թ․ առաջին անգամ ֆինանսավորվել են հետազոտական աշխատանքներ, որի նպատակով հուշագիր է ստորագրվել Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուի և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ:
Հարկ է նշել, որ ԿԳՄՍՆ-ն հետևողական աշխատանքներ է տանում արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ: