Այսօր Սահմանադրական դատարանի դատավորները ՍԴ նախագահ կընտրեն: ՍԴ աշխատակարգային նիստը նշանակված է ժամը 15:30-ին:
Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին ո՛չ առաջադրման, ոչ էլ չառաջադրման մասին որոշում դեռ չի կայացրել:
«Որևէ քննարկում չի եղել, քննարկումը կլինի աշխատակարգային նիստում: Անձը կընտրվի աշխատանքային նիստով փակ, գաղտնի քվեարկությամբ, ուրեմն ՍԴ ճգնաժամի լուծումը կլինի լրիվ օրենքի պահանջներին համապատասխան»,- տեղեկացրեց Խունդկարյանը:
Ինչո՞ւ թողեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, ՍԴ-ում լինելն ավելի՞ գրավիչ է՝ հարցին ի պատասխան Խունդկարյանը նշեց, որ ոչ թե պաշտոնն է գնահատում, այլ ավելի արժեքավոր է իր համար դատավորի արդարադատական գործառույթ իրականացնելը: Իսկ որևէ դատարանի նախագահ լինելը, Խունդկարյանի խոսքով, ժամանակավոր երևույթ է: