Երևանի հանրակացարանային փոքր այս քառակուսին 32 տարի առաջ կացարան դարձավ Ադրբեջանից բռնագաղթած Ռազմելա Բալայանի համար: 1988-ին շատերի նման նա էլ ստիպված ամեն ինչ թողեց Բաքվում ու բռնեց անորոշության ճանապարհը:
Ռազմելա Բալայան - 3 սենյականոց տուն, 2-րդ հարկ, չորս բալկոն, աչքս վրեն ա, որ մի բաժակ թեյ խմեմ էդ բալկոնում:
Ռազմելա Բալայանն արդեն հավաքել է ճամպրուկները: Տասնամյակների սպասումից հետո շուտով նոր տուն կտեղափոխվի: 1-ին փուլով ինքն էլ է ստացել բնակարանի գնման վկայագիր, գումար է ավելացրել ու Մալաթիա Սեբաստիայում բնակարան գնել: Կապրի կրտսեր դստեր հետ, որն առողջական խնդիրներ ունի: Նոր բնակարանում, հույս ունի, դրանք կմեղմվեն:
Ռազմելա Բալայան- 1-ին հարկ է, մեկ սենյականոց, կայքի միջոցով: Բաղնիքը կա, զուգարանը կա, գլխավորը՝ խոհանոցը. այնքան որ երեխաս այդ տանը բնակվի:
Կառավարությունն ընտրեց խնդրի լուծման փուլային տարբերակը: 1-ին փուլով հատկացվեց մոտ 1,5 միլիարդ դրամ, 93 ընտանիքի տրամադրվեց բնակարանի գնման վկայագիր: Նախապես հաշվառված 112 ընտանիքից հանձնաժողովն ընտրեց 105-ին:
Արմեն Ղազարյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ղեկավար) - 45-ն արդեն գտել է ինչ-որ մշտական բնակարան, տուն, որ ցանկանում է գնել: Յուրաքանչյուր բնակարան ստուգվում է՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է բնակելիության չափանիշներին:
Քաղաքապետարանից կամ մարզպետարանից ստացված եզրակացությունից հետո է սկսվում գնման գործընթացը:
Նախ փոխանցվում է գումարի 60 տոկոսը՝ նոտարի միջոցով: Փողի 40 տոկոսը վճարվում է բնակարան տեղափոխվելուց հետո: Տունն ազատելուց առաջ վաճառողները երբեմն մտահոգվում են՝ չստացվի այնպես, որ գումարն ամբողջությամբ իրենց չփոխանցի: Միգրացիոն ծառայությունից վստահեցնում են՝ պետությունը երաշխավորում է՝ նման խնդիր չի կարող լինել:
Արմեն Ղազարյան - ԲԳՎ-ի գործողության ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով՝ պայմանավորված կորոնավիրուսով: Այսինքն՝ դեռևս մինչև մյուս տարվա մարտ կա ժամանակահատված, որ անձինք կատարեն գնումներ:
1-ին փուլն ամփոփվում է, մեկնարկում0 2-րդը, որի համար հատկացվել է 2,1 միլիարդ դրամ: 2013-ի տվյալով՝ Երևանում ապրում էր Ադրբեջանից բռնագաղթած և տան կարիք ունեցող 895 ընտանիք: Նոր ուսումնասիրությունից հետո թիվը նվազել է 10-15 տոկոսով:
Արմեն Ղազարյան - 2019-ի վերջին հատկացվեց Երևանի 5 վարչական շրջանի համար, 2020-ին՝ ևս 5, հուսանք՝ 2021-ին Շենգավիթում, նաև հուսանք՝ 2022-ին կարող ենք արձանագրել, որ Կառավարությունը լուծեց Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարանում ապրող ընտանիքների բնակարանի հարցը: Չենք ասում, թե լուծվեց բոլոր փախստականների բնակապահովության հարցը, բայց դա ծրագրից դուրս է, դա սոցիալական բնակարանային քաղաքականության մաս է:
Ռազմելա Բալայան- Ջարդվել Է մեքենան: 25 տարի աշխատել եմ Բաքվի գործարանում: Եղածն էդ Է. մի բալոն պոմիդոր, մի բալոն վիշնի..
Վերջին 10 տարում խնդրի լուծման համար պետությունը ոչ մի լումա չի ծախսել: Ռազմելա Բալայանը շատ է թակել միգրացիոն ծառայության դուռը: Ամենաանհրաժեշտ իրերի հետ նոր տուն կտանի նաև կարի մեքենան: Ամեն ինչ կսկսի զրոյից: