Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես կարանտինի շրջանում սահմանված անվտանգության պարտադիր կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։
Հրամանով սահմանված է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, ում կողմից և նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։
Դպրոցական հաստատություններում, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել՝
-
դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցներ.
-
ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ).
-
թափոնների հեռացման համար փակվող «օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ.
-
հեռահար ջերմաչափ։
Անհրաժեշտ է կազմակերպել կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես՝
մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար.
մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար, առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.
սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում.
առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ.
ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակները:
Հրամանը սահմանում է նաև հաստատությունների ախտահանմանը, սովորողների սննդի կազմակերպմանը, սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները։
Մանրամասները՝ հղումով՝ http://www.moh.am/images/legal-606.pdf…