Սեպտեմբերի 23-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովն ընդունել է Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակությանը, որը Ռուսաստանում է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։
Հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներին վերաբերող ակտուալ հարցեր, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, ներառյալ՝ խորհրդարանական, համագործակցությունը։
Կողմերի ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային անվտանգության թեման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վիճակը և հեռանկարները։
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում և հնարավորություն է տվել ամրագրել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետևողական զարգացումը»։
Հատկանշական է, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ Լավրով-Գաֆարովա հանդիպման վերաբերյալ տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն։ Շրջանառվում է, թե իբր հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»։ Բացի դրանից, ըստ ադրբեջանական քարոզչական լրատվականների, Լավրովը հայտարարել է որ Մոսկվան կողմ է 5 «օկուպացված» շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտային-հաղորդակցային համակարգերի վերականգնմանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նմանատիպ ձևակերպումներ չկան։ Ավելին՝ ադրբեջանական մամուլում տարածվող այդ թեզերը ներկայացվում են առանց որևէ հիմնավորման կամ հղման և ակնհայտ քարոզչական բնույթ ունեն։