Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ընթացքում պատասխանեց «Լուրեր»-ի հարցին, թե ինչպես կարձագանքի ՌԴ ԱԳՆ-ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի հանդիպմանը հնչած հայտարարությունների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը:
Զախարովան նշեց, որ Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հանդիպման ընթացքում արդեն հնչեցրած սկզբունքների հետ մեկտեղ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բոլորը շատ լավ գիտեն, և խնդրում եմ առաջնորդվել հենց այդ դիրքորոշմամբ, այլ ոչ թե տարբեր մեկնաբանություններով, որոնք անում է ոչ ռուսական կողմը»,- եզրափակեց Մարիա Զախարովան:
Նշենք՝ Ադրբեջանի ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն էին տարածել Լավրով-Գաֆարովա հանդիպման վերաբերյալ:
Շրջանառվում է, թե իբր հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»։ Բացի դրանից, ըստ ադրբեջանական քարոզչական լրատվականների, Լավրովը հայտարարել է որ Մոսկվան կողմ է 5 «օկուպացված» շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտային-հաղորդակցային համակարգերի վերականգնմանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նմանատիպ ձևակերպումներ չկան։ Ավելին՝ ադրբեջանական մամուլում տարածվող այդ թեզերը ներկայացվում են առանց որևէ հիմնավորման կամ հղման և ակնհայտ քարոզչական բնույթ ունեն։