Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ.Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը, տեղեկացնում են թատրոնի լրատվական բաժնից:
Թատերաշրջանի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ելույթից առաջ բանախոսներին նվիրեց «Թատրոնը կարևոր է» կարգախոսով դիմակներ՝ ի նշան այն հանգամանքի, որ չնայած համավարակի պայմաններին, երկրում մշակութային կյանքը շարունակվում է, և թատրոնները, վերսկսելով իրենց գործունեությունը, սպասում են հանդիսատեսին։
Վարդան Մկրտչյանը անդրադարձավ համավարակի պայմաններում թատրոնի ծավալած գործունեությանը՝ առցանց հեռարցակվող ներկայացումներին, «Հուշերի քառուղիներ», «Թատերական ընթերցումներ» ծրագրերին, ապա ներկայացրեց թատրոնի նոր նախաձեռնությունները։ Այսպես, Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Սեպտեմբերի 25-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ.Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։
Սեմտեմբերի 28-ին «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա,կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացումը առցանց տարբերակով կմասնակցի Լեհաստանի «Ուղղությունը արևելք» միջազգային թատերական փառատոնին։ «Դասարան+Դասական» մարզային առցանց ծրագիրը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 6-ին։
Վարդան Մկրտչյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը թատրոնի կաթսայատան վերազինմանը և թատրոնի ճակատային մուտքի վերանորոգմանը հատկացված ֆինանսական աջակցության համար։
Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորեց Մայր թատրոնի առաջընթացը, երբ պատմություն ունեցող թատրոնը միաժամանակ ներկայանում է նոր և հետաքրքիր նախաձեռնություններով, ինչպիսիք են «Փոքր բեմի» բացումը, 100 ամյակին նվիրված բովանդակային նոր փոփոխությունները, թատրոնի շենքային պայմանների բարելավումը։ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին ակտիվ և նպատակասլաց գործունեության համար։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը շեշտեց. «Այո թատրոնը կարևոր է, որորվհետև թատրոնը աշխարհի փոքր մոդելն է»։ Նա նշեց, որ այս ընթացքում թատրոնը փնտրում էր նոր արտահայտչամիջոցներ հանդիսատեսի հետ կապը պահելու համար, ինչպիսին է օրինակ բացօթյա ներկայացման բեմադրությունը։
«Դեկամերոն» ներկայացման ռեժիսոր Լիլի Էլբակյանը անդրադարձավ պիեսի ընտրության շարժառիթներին, բեմադրական ընթացքին՝ հույս հայտնելով, որ հանդիսատեղը կսիրի և կգնահատի ներկայացումը։
Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին։