Հայաստանում 2019 թ. գրանցվել է 26 850 հանցագործություն, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 2172-ով. 2018 թ. արձանագրված հանցագործությունների թիվը եղել է 24678. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ամենաշատը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են՝ 14199, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2143-ով: ՀՀ-ում 2019-ին արձանագրվել է անձի դեմ ուղղված 4293 հանցագործություն, հասարակության անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված 3987 հանցագործություն: Իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարի եղել են 3055 հատ, որից 359 դեպք վերաբերվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 324 գործ էլ՝ կաշառք ստանալուն, կաշառք տալուն և կաշառքի միջնորդությանը:
1lurer.am-ը տեղեկացավ նաև, որ 2019 թ. ՀՀ-ում դատապարտվել է 1556 մարդ, որից 38-ը՝ պաշտոնատար անձինք, 277-ը՝ զինծառայողներ: Ըստ Վիճակագրական կոմիտեի, դատապարտված անձանցից 46-ը եղել են անչափահաս, որից 1-ը՝ աղջիկ: Նրանց մեծ մասը դատապարտվել են սեփականության, նաև՝ կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունների համար: