Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում այսօր պետք է ընտրվեր ՍԴ նախագահ և փոխնախագահ, սակայն ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:
Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
«Ըստ էության, ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը: Քննարկման առարկա են դարձել կազմակերպական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը լրատվամիջոցների կողմից. ՍԴ-ն, այդուհանդերձ, տևական քննարկումներից հետո նպատակահարմար չհամարեց դիմում-խնդրանքի բավարարումը:
Ամեն դեպքում, նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կամ աշխատակազմի ստորաբաժանումների կողմից»,- ասաց Շաթիրյանը: