Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում կազմակերպված «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նշեց, որ միջոցառումը շատ լավ է կազմակերպված և ակնհայտ է, որ տարվա օրացույցում մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել՝ ի դեմս «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության։
«Մեր այսօրվա միջոցառումն սկսվեց ընդգծմամբ, որ մեր այս տարվա իրական հերոսները մեր բժիշկներն ու զինվորներն են։ Եվ շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և նախագահի հրամանագրով` ԶՈՒ կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի հերոսի կոչման և դրանով իսկ այս տարվա խորհուրդն ամբողջացավ։
Փառաբանելով մեր ժամանակների հերոսներին՝ փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ շատ հերոսներ, մրցանակն ստանալով, շնորհակալություն էին հայտնում կառավարությանը, այնինչ, իրականում, կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ ապացուցում են, որ իրական է անհատական ջանքի առանցքային և շրջադարձային նշանակությունը, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, իր բարեկեցությունը։
Վարչապետը երեկոյի գլխավոր մրցանակը հանձնեց։ Օրվա գլխավոր հերոսը ինքն է փոխել իր կյանքը՝ որոշելով գնալ ոչ թե սովորական պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ ստեղծագործական երջանկության հետևից է գնացել և ստեղծել է խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի կառուցել, ստեղծել, արարել։ Գլխավոր մրցանակակիրը խաղալիքագործ Սևակ Մարկոսյանն է։
«Ինձ համար հերոս են բոլոր նրանք, ովքեր այսօր անառիկ են պահում մեր սահմանները։ Մենք ընդամենը թիկունքն ենք ապահովում և ջանք ու եռանդ չենք խնայելու այդ թիկունքը որքան հնարավոր է ամուր պահելու համար։ Ցանկանում եմ նաև նշել, որ թեև սա խաղալիք արտադրող ընկերություն է, բայց ցանկացած պահի իր ունեցած բոլոր հաստոցները ծառայելու են հայրենիքի պաշտպանությանը»,- շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ նշեց «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած խաղալիքագործ Սևակ Մարկոսյանը։