«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարությանը, որ կուսակցությունը հոկտեմբերի 8-ին «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հետ նախաձեռնում է հանրահավաք:
Ցանկացած անձ իրավունք ունի ազատ հավաքներ հրավիրելու՝ պահպանելով օրենսդրական պահանջներն ու հակահամաճարակային կանոնները: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ԲՀԿ, «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների հրավիրած հանրահավաքին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Ստեփանյանն էլ հավելեց, որ պետք է հաշվի առնել, որ ինչպես իշխանությունն ունի իր օրակարգը, այնպես էլ ընդիմությունը և յուրաքանչյուրը կարիք ունեն որևէ գործողության շրջանակում պահպանել իր էլեկտորատը, հնարավորության դեպքում՝ նաև ավելացնել:
«Թեժ աշուն տարբեր ժամանակներում ընդդիմությունը խոստացել է: Բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը: Հետևաբար սա ընդամենը ընդդիմության քաղաքական օրակարգն է: Իսկ թե ինչպիսի թեժ աշուն է մեզ սպասում, կամ այդ հանրահավաքը որքան հուժկու կլինի, հոկտեմբերի 8-ին բոլորս հնարավորություն կունենանք ականատես լինելու»,- նշեց Ստեփանյանը: