Պոլտավայի «Պոբեդա» մշակույթի և հանգստի քաղաքային զբոսայգում «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը տոնական միջոցառում է անցկացրել Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ հայտնում է Analitikaua-ն:
Միջոցառմանը մասնակցել է մարզային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Եկատերինա Ռիժեչենկոն:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդի սովորույթներին և տոներին: Բարեկամական կապեր ենք պահպանում հայկական սփյուռքի հետ: Հայ ժողովուրդը փոխօգնության, միասնության, համերաշխության, իր ավանդույթների նկատմամբ հարգանքի օրինակ է: Ոմանց համար Ուկրաինան արդեն Հայրենիք է դարձել:
Շնորհակալություն յուրաքանչյուրին` Պոլտավայի շրջանի զարգացման գործում ունեցած ներդրման, ակտիվ դիրքորոշման համար: Շրջանային պետական վարչակազմի և շրջանի ղեկավարի անունից մենք կշարունակենք աջակցել ձեր նախաձեռնություններին ցանկացած ոլորտում և համագործակցել ձեզ հետ»,- ասել է Եկատերինա Ռիժեչենկոն:
Ինչպես պատմել է «Ուրարտու» տարածաշրջանային հայկական համայնքի նախագահ Գենադի Աղաջանյանը, ամեն տարի հայկական սփյուռքը տարբեր կերպ է նշում այս օրը:
«Յուրաքանչյուրը կարող է գալ մեր տոնին: Այսօր մեր հյուրերը վրացական, չեչենական, գերմանական, հրեական և բուլղարական համայնքներն են: Ժամանել են մեր կազմակերպության մասնաճյուղերի ներկայացուցիչները Չուտովոյից, Պիրյատինից և տարածաշրջանի այլ շրջաններից, ինչպես նաև հյուրեր Խարկովից»,- ասել է Գենադի Աղաջանյանը:
Միջոցառումներին մասնակցում էր Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:
Ուկրաինայի հայերի միությունը` նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, շնորհավորեցլ է բոլորին տոնի առթիվ: Ուկրաինայի հայերը բարգավաճում և խաղաղություն են մաղթում իրենց պատմական հայրենիքին:
«Հայաստանի Անկախության օրը ամենակարևոր պետական տոնն է ինձ համար և սփյուռքի շատ հայերի համար: Այս օրը ես ցանկանում եմ մաղթել իմ երկրին բարգավաճում և խաղաղ երկինք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուրախանա Հայաստանի հաղթանակներով և թույլ չտա պարտություն: Չնայած այն հանգամանքին, որ մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքից հեռու, մեզանից շատերը չեն մոռանում մեր արմատները և աշխատում են հանուն Հայաստանի և համայն հայության»,- ասել է նախագահ Վիլեն Շատվորյանը:
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները բացել էին Հայաստանի Հանրապետության 30-մետրանոց դրոշը: Միջոցառման մասնակիցները տոնական երթով շրջել են այգում: Հանդիսատեսի համար համերգային ծրագիրը նախապատրաստել էր «Պոլտավա» երգի-պարի համույթը: