Բժշկագիտության, բնական գիտությունների, հումանիտար և այլ ոլորտների 31 լավագույն ներկայացուցիչ այսօր նախագահականում ստացել են ամենամյա մրցանակները: 2001-ից հիմնադրված մրցանակաբաշխությունն անցկացվում է նախագահի նստավայրում, պարգևները հանձնում են նախագահն ու «Պողոսյան» հիմնադրամի համանախագահները:
Գևորգ Համբարձումյանը շտապում է զորամաս՝ դեռ պիտի հասցնի զինվորական բժշկի համազգեստը հագնել: Բժշկության ու բանակի հետ Գևորգը հասցնում է նաև ստեղծագործել, արդեն մոտ 5 տարի է: «Մեռնել փոքր քաղաքում» բանաստեղծությունների ժողովածուի համար նախագահականում մրցանակ է ստանում:
Գևորգ Համբարձումյան, «Պողոսյան» մրցանակի 2020 թվականի մրցանակակիր - Մեռնել փոքր քաղաքում գիրքը մեր փոքր քաղաքում ապրելու անհնարինության մասին է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի մրցանակն օրենսդրական փոփոխություններից հետո արդեն «Պողոսյան» մրցանակ է կոչվում: Սիրիահայերին, լիբանանահայերին ու աշխարհի մյուս ծայրերում ապրող հայերին օգնող բարերար Ժան Պողոսյանն այս նախաձեռնությունը երազանքների նվաճում է անվանում:
Ժան Պողոսյան, «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ - Մոտ 20 տարի է մեր ընտանեկան հիմնադրամը նախաձեռնել է մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակն է խրախուսել և պարգևատրել հայ տաղանդներին: Հպարտ եմ ասել, որ մինչ օրս 405 հոգի և կազմակերպություն արժանացել է նախագահի մրցանակին, որից 28-ը՝ միջազգային: Եվ այս տարի 150 դիմորդից շնորհվել է 31 մրցանակ: Ուրախ եմ, որ այս տարի Սահմանադրության մեջ կատարված նոր փոփոխությունների շնորհիվ մենք կփոխանցենք Պողոսյանի անվան մրցանակը Հայաստանի նախագահի հովանու ներքո:
Երիտասարդ մրցանակակիրների դաշնամուրի ակորդներն ու ֆլեյտայի հնչյունները, նաև Հայաստանի անկախության միջոցառման շարունակությամբ հայրենիքին նվիրված ստեղծագործություններն են: Ամեն տարի բնական գիտություններից բժշկության հումանիտար գիտությունների լավագույններին ոգևորելը նախագահը խոստանում է՝ դեռ էլի են շարունակելու: Իսկ այս ստեղծագործությունները կտանեն իրենց հետ՝ հաջորդ տարվա մրցանակակիրներին ընդունելու համար