Արմավիրում մտավոր խնդիրներով անձանց խնամքի կենտրոն է բացվել: Սա նմանատիպ առաջին կենտրոնն է Հանրապետությունում, իսկ մարզպետը հավաստիացնում է, որ մարզում 2-րդը բացելու մտադրություն կա:
Հայկի, Գոռի, Լաուրայի և նույն կարգավիճակի ևս 3 դեռահասի համար կյանքը նոր գույներով է լցվել: Հենց իմացան «Երջանկության ճանապարհի» հասցեն, փոխվեց նրանց կյանքի որակը: Կազմակերպությունն այսօր պաշտոնապես բացեց դռները՝ 18-65 տարեկան մտավոր խնդիրներ ունեցողների առաջ:
2019 թվականին, կառավարության որոշմամբ, Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնաշենքերից մեկը 5 տարով անհատույց տրամադրվեց «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Մասնագետներն այստեղ մտավոր խնդիրներ ունեցողներին կսովորեցնեն ինքնուրույն հոգալ սեփական կարիքները, խանութ գնալ, տրանսպորտից օգտվել, կարդալ, համակարգչային գիտելիքներ ստանալ ու մարզվել:
Կենտրոնի պաշտոնական բացումը թեև այսօր էր, բայց սեպտեմբերի 1-ից շահառուներն արդեն այցելում են: Անգործ չեն մնացել. Բարիք ստեղծելու առաջին փորձերն են արել: Կենտրոնի փոքրիկ բանջարանոցում վարունգ, լոլիկ, պղպեղ ու սմբուկ են աճեցրել, հասցրել նույնիսկ բերքը հավաքել:
Գործակցելով միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, «Երջանկության ճանապարհը» հոգալու է շահառուների ցերեկային խնամքն ու զբաղվածությունը՝ ներդնելով Միացյալ նահանգներում գործող նմանատիպ կենտրոնների հաջողված փորձը:
Հայաստանում մտավոր խնդիրներ ունեցողներով զբաղվելու ցանկությունն ամերիկաբնակ Մաթևոսյան ընտանիքի երազանքն էր: Արևիկը՝ ընտանիքի դուստրը, այս ոլորտում աշխատելու հարուստ փորձ ունի Նահանգներում: Մեկ ամիս է այստեղ է, հասցրել է սիրել շահառուներին, ստանալ փոխադարձը: 2 օրից մեկնելու է Միացյալ Նահանգներ, երեխաներն իմացել են, տխրել:
Շահառուները որքան շուտ սովորեն ինքնուրույն ապրել, այնքան շուտ կլքեն կենտրոնը: Իսկ, քանի դեռ այստեղ են՝ հնարավորություն կունենան աշխատանքային փորձ ձեռք բերել արտադրական պրակտիկաների ժամանակ և պատմամշակութային վայրեր այցելելով՝ ճանաչել Հայաստանը:
Ցերակային կենտրոնն իր տեսակի մեջ դեռևս միակն է Հայաստանում: Կենտրոնը նախատեսված է 40 հոգու համար: Շահառուներն առայժմ վեցն են: «Երջանկության ճանապարհի» նոր հասցեն արդեն հայտնի է, դռները՝ բաց: