Մեր ժամանակների հերոսների հետ ճանապարհորդությանը միանալու համար այս տարի կանոնները փոխվել էին. մուտքը՝ դիմակով, հյուրերի սահմանափակ թվով ու սոցիալական հեռավորությունը պահելով: Լրագրողները ևս միջոցառումից այս տարի սոցիալական հեռավորություն պահեցին, ապա` վերջին փորձերը վրաններում... Եվ 29-ամյա անկախ Հայաստանի ժամանակների հերոսների 13 անվան հետ նաև երկու հատուկ խորհրդանշական անուն կա` բուժաշխատողն ու զինվորը:
Առաջին հատուկ մրցանակը համավարակը վերապրած Պետրոս Պետրոսյանից՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանինն էր։ Մրցանակը հիվանդանոցից հիվանդանոց կշրջի՝ բուժաշխատողին շնորհակալություն հայտնելու ու հիշեցնելու՝ նրանք մեր ժամանակների հերոսներն են:
Իսկ մեր երկրի սահմանին կանգնած հերոսի հաղթանակն անձամբ զգացած ու տավուշյան մարտերի ժամանակ իր բնակավայրը չլքած սահմանապահ Այգեպար գյուղից Սամվել պապիկը «Պատիվ ունեմ» ասաց՝ մեր ժամանակների երկրորդ հատուկ հերոսին՝ ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին:
Ապա մրցանակներ ստացան «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագծի հերոսներից՝ անասնաբույժից արծաթագործ, ձիարշավարանի հիմնադիր ու կոշկակար, հայկական ակնոց արտադրող, խխունջաբույծ ու մեղվաբույծ իրենց մրցանակներով վերահաստատեցին՝ հաղթանակի միակ բանաձևը սերն է:
Սիրո 36 տարվա հաղթանակի ապացույցն էլ Սիրիայի պատերազմից Հայաստան հասած ու կյանքը 0-ից սկսած Հալեպի քաղցրեղենն առաջարկող ընտանիքինն էր:
Մեր հերոսական ապագան Արցախի նախագահը հենց այսօրվա հերոսների մեջ տեսավ:
Հերոսների տասնյակ հաջողության բանաձևեր կտանի իր հետ նախագահ Արմեն Սարգսյանը: Բոլոր մրցանակակիրներին լսելով՝ իր հերոսին՝ առաջին հայ ռոբոտի հեղինակին, անվանեց՝ ապագայից եկած:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Եթե այդ տաղանդավոր մարդիկ միաժամանակ նաև աշխատասեր են, նպատակասլաց, նաև ինքնավստահ, ապա այդ մարդկանց կարող ես անվանել հերոս, որովհետև այդ մարդիկ իրենց տաղանդն աշխատեցնում են իրենց հայրենիքի համար, նաև իրենց համար, որովհետև ստեղծագործ մարդիկ են: Եվ գնալու եմ տուն ու մտածելու եմ, որ ցանկացած երեխա տաղանդավոր է, մեզանից յուրաքանչյուրի, պետության դերը նախևառաջ կայանում է նրանում, որպեսզի կարողանանք այդ տաղանդը հայտնաբերել, օգնել, որպեսզի անհատի տաղանդը ծաղկի, և ինքը ստեղծագործ աշխատանքով ծառայի և՛ իրեն, և՛ իր հայրենիքին:
Բեմից նախագահը նաև հայտնեց՝ ներդրում անելու միտք ունի նորարար Կարենի բիզնեսում՝ առաջարկով՝ եթե հաջորդ Ռոբինին Կարենը Կարին անվանի:
Եվ գլխավոր մրցանակը ոչ թե պաշտոնի հետևից, այլ երեխաների համար ստեղծագործելու նպատակով տնտեսագիտությունից տիկնիկագործություն գնացած Սևակինն էր:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը: Շատ հերոսներ իրենց մրցանակը ստանալով՝ շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գոյությամբ, իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն, ինչի մասին մենք ասում ենք, դա հնարավոր է, դա իրական է: Մենք խոսում ենք անհատական ջանքի առանցքային և շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, կարող է կերտել իր բարեկեցությունը, և, իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է, և կառավարությունը պետք է կարողանա քաջալերել մեր ժամանակների հերոսներին:
Սևակ Մարկոսյան («Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիր) - Փորձելու ենք առավել ևս ընդլայնել արտադրությունը, քայլեր ենք ձեռնարկում միջագային շուկա, Եվրոպական միության շուկա դուրս գալու համար:
Այսպես հայելային մրցանակը զորամասից զորամաս, դիրքից խրամատ, հիվանդանոցից հիվանդանոց ու արվեստանոցից արվեստանոց կշրջի՝ մեր ժամանակների հերոսներին իրենց արտացոլանքից հիշեցնելու մրցանակաբաշխության ամենակարևոր գաղափարը՝ հաղթանակի համար մարդ է պետք՝ «Եվ այդ մեկ մարդը դու ես»: