«Շենգավիթում» 30-ամյա ծննդկանի մահից հետո երեխան այսօր բժշկական կենտրոնից դուրս գրվեց: Դիահերձման արդյունքներով՝ կնոջ մահը տեղի է ունեցել անտիբիոտիկի ներարկումից: Կնոջ հարազատները շարունակում են պնդել՝ առաջնեկին սպասող Սեդա Ասատրյանի հղիությունը նորմալ է ընթացել, որևէ խնդիր չի ունեցել.
Հովհաննես Հարությունյան - Տարրական գիտելիքներ ունեցողն էլ հասկանում է, որ եթե մտածում ես՝ սա ես սրսկելու, պետք է մի հատ պրոբ դնես այդ մարդուն, դու այդքան ժամանակ հետևել ես այդ մարդուն կամ այդքան ժամ տանջվել է, եթե չէր կարողանում երեխա ունենալ, ինչո՞ւ կեսարյան չես անում:
Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով՝ Սեդան նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության համար: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է ալերգիա, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Բժիշկներին առաջին անգամ հաջողվել կնոջ կյանքը փրկել, միացվել է արհեստական շնչառության սարք: Այս անգամ ծննդօգնության եկած կնոջը ներարկվել է այլ բաղադրությամբ դեղորայք։ Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, ձեռնարկված հակաշոկային, վերակենդանացման միջոցառումներն արդյունք չեն տվել:
Ռուսուդան Վարդանյան, «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ - Անաֆիլակտիկ շոկ կարող է տեղի ունենալ ցանկացած դեպքում: Նա պրակտիկորեն կանխարգելվող չի, կլիներ տեղում կանխարգելման մասին մտածել, եթե մենք օգտագործեինք այդ խմբի անտիբիոտիկը՝ ցեֆալոզ պորինների, բայց ոչ մեկս մեր պացիենտին թշնամի չենք, մենք ուսումնասիրելով, որ ինքն ունի այդ խմբից ալերգիա, օգտագործել ենք մեկ այլ խմբի հակաբիոտիկ:
Մահացած ծննդկանի ամուսինը՝ Գրիգորը, շարունակում է պնդել՝ կինը մահացել է, որովհետև ծննդատանն անլուրջ մոտեցում է ցուցաբերվել, բացի այդ՝ ծնունդն ընդունող բժիշկը՝ Աշոտ Սիրունյանն այդ օրերին եղել է ծանրաբեռնված, իրենք պետք է հաշվի առնեին ցանկացած սցենար, անեին հնարավորը՝ Սեդայի կյանքը փրկելու համար.
Գրիգոր Աբրահամյան - Անզգուշության, անփութության պատճառով ոչ մեկին չեմ ցանկանում, որ նման ցավ ապրի, սթափվեք, ժողովուրդ ջան, քանակություն գոյություն ունի, չպիտի բժիշկը հոգնած լինի:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից պարզաբանում են՝ բժիշկ Սիրունյանն այդ օրն ընդունել է ընդամենը երկու ծնունդ: Ծննդկանի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ: Հարազատներն ակնկալում են արդար քննություն:
Նարեկ Ալոյան, փաստաբան - Պաշտոնատար անձիք հստակ տեղյակ են եղել, որ նա հակաբիոտիկների նկատմամբ ունի ալերգիա, ինչո՞ւ անցնող ամիսների ընթացքում, այսինքն, ինչու մինչև 2020թ. փետրվարից սեպտեմբեր ամիսները բժիշկների կողմից չեն որոշվել այն հակաբիոտիկները, որոնք ալերգիա չեն առաջացնում:
Բժիշկները փոքրիկ Նարեի վիճակը գնահատում են լավ: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Երեխան ծնվել է առողջ՝ 3.1 կգ քաշով և 50 սմ հասակով: