ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը:
«Երեկ՝ ՀՀ Անկախության 29-ը ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, մասնակցեցի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։
Հպարտություն մեր երկրի համար մենք առավելապես զգում ենք տոնական կամ հատուկ օրերին։
Սովորական օրերին մենք երկրի համար ավելի շատ ցավում ենք։
Ուժ ու ժամանակ ենք նվիրում, դժվարություն հաղթահարում։
Ու, իհարկե, աշխատում՝ հաճախ չնկատելով այդ սովորական թվացող արարքի հրաշակերտությունը․ ինչպես չենք տեսնում ծովը գետի սկզբում։
Հենց ամենօրյա աշխատանքն է հնարավոր դարձնում մեր երկրի ու մեր բոլորի անկախությունը։
Առօրյա սովորական աշխատանքն է, որ ճանապարհ է բացում ոչ միայն սեփակա՛ն, այլև՝ համընհանո՛ւր բարիքի համար։
Առօրյա սովորական աշխատանքով է, որ հնարավորություններ են ստեղծվում այսօ՛ր ապրող մարդկանց և սերունդների՛ համար։
Եվ հետևողական աշխատանքն է, որ ապահովելու է բարեկեցիկ կյանք բոլորի համար, ինչին ձգտում ենք։
Ժամանակակից հերոսությունը նաև սովորական աշխատանքի կերպով է հնարավոր և հասանելի բոլորին։
Շնորհավորում եմ բոլորիս անկախության առիթով։
Շնորհավորում եմ մրցանակակրին՝ Հայկ Անանյանին»,- գրել է ԱԺ փոխնախագահը Ֆեյսբուքի իր էջում։